Պատմական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը հարցազրույց է տվել «Եվրոմեդիա-24» կայքին և վերլուծել Իսրայելի կառավարության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրադարձությունը։
Արմեն Այվազյանը նշել է.
Այսօրվա հարցազրույցում հիմնականում անդրադարձել եմ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այդ որոշման դրդապատճառներին և դրա հնարավոր հետևանքներին՝ համառոտ վերլուծելով Իսրայելի ԱԳ նախարարի պաշտոնական հայտարարությունը։
Մասնավորապես, ընդգծել եմ՝
— Հայաստանի Հանրապետության «հին» և «նոր» իշխանությունները մինչ օրս չեն մշակել ցեղասպանության ճանաչումը Հայաստանի ազգային և պետական շահերին ծառայեցնելու համապարփակ պետական քաղաքականություն։
— Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումները «չքաղաքականացնելու» Փաշինյանի անհեթեթ մոտեցումը, փաստորեն, թելադրված է դրսից և համընկնում է Թուրքիայի երկարամյա ժխտողական քաղաքականության դրույթների հետ։
— Հայոց ցեղասպանությունը չի կարելի դիտել Հայաստանի ազգային անվտանգության, պետական շահերի և միջազգային իրավունքի խնդիրներից անջատ՝ որպես սոսկ պատմական խնդիր։
— Հայաստանը պետք է գնահատի ցեղասպանության ճանաչման բանաձևերը ոչ թե խորհրդանշական, այլ ազգային և պետական շահերի չափանիշներով։
— Ցեղասպանության միջազգային ճանաչումն ինքնին մեծ արժեք չունի, եթե այն չի զսպում Թուրքիայի և Ադրբեջանի շարունակվող ագրեսիան Հայաստանի դեմ։
— Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետություններից շատերը գործնականում խրախուսեցին 2020–2023 թթ. Հայաստանի դեմ նույն հայասպան պետությունների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումը և Արցախի հայաթափումը։
— Պետք է ձգտել, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերը հստակ արձանագրեն Թուրքիայի պատասխանատվությունը և Հայաստանի նկատմամբ փոխհատուցման անհրաժեշտությունը։
— Հայոց ցեղասպանության հետևանքները պետք է կապվեն Հայաստանի անվտանգության խնդիրների և տարածաշրջանի ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակի հետ։
— Հայ դիվանագիտությունը պետք է ցեղասպանության միջազգային դատապարտումը կապի Արցախի հարցի արդար լուծման և տարածաշրջանային կայուն խաղաղության հետ։