27 հունիսի 2026 – 14:41 AMT
PanARMENIAN.Net – ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ հարվածներ են հասցրել Իրանին՝ ի պատասխան Հորմուզի նեղուցում բեռնատար նավի վրա հարձակման։ Ըստ հաղորդագրությունների՝ թիրախավորվել են հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստավորման օբյեկտներ, ինչպես նաև նեղուցի շրջանում տեղակայված առափնյա ռադարներ։ Դրանից հետո Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ պատասխան հարվածներ է հասցրել տարածաշրջանում ամերիկյան դիրքերին։
«Իրանական ուժերի կողմից առևտրային նավագնացության դեմ անհիմն ագրեսիան ակնհայտորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Իրանի վտանգավոր վարքագիծը խաթարում է նավագնացության ազատությունը, քանի որ այս կենսական նշանակության միջազգային առևտրային միջանցքով անցնող բեռների ծավալը շարունակում է աճել»,-X սոցիալական ցանցում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM), գրում է BBC-ն:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հավելել է, որ ամերիկյան զինված ուժերը «կշարունակեն ապահովել անվտանգ անցման համակարգումը և աջակցություն ցուցաբերել նեղուցով անցնող առևտրային նավերին»։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ պատասխանել է սեփական հարվածներով՝ ուղղված ամերիկյան զորքերին, սակայն լրացուցիչ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Թեհրանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ կապված Սինգապուրի դրոշի ներքո ընթացող և Evergreen ընկերությանը պատկանող Ever Lovely կոնտեյներատարի վրա իրականացված հարձակման հետ։
ՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցից նավաստիների տարհանումը բեռնատար նավի վրա հարձակումից հետո։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Հորմուզի նեղուցով շարժվող նավերի ուղղությամբ արձակել է առնվազն չորս հարվածային կամիկաձե անօդաչու թռչող սարք։ Դրանցից մեկը հարվածել է խոշոր և շատ թանկարժեք բեռնատար նավի վերին տախտակամածին։ Նավը վնասվել է, սակայն կարողացել է շարունակել ընթացքը։ Մյուս երեք անօդաչուները մենք խոցել ենք։ Ակնհայտ է, որ սա մեր հրադադարի համաձայնության անխոհեմ խախտում է», — գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։
Միաժամանակ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը նշել է, որ եթե Իրանը «համաձայն չէ, թե ինչպես պետք է իրականացվի Փոխըմբռնման հուշագիրը, ապա կարող է պարզապես վերցնել հեռախոսը»։
Նա նաև հավելել է. «Սակայն բռնությանը պատասխան կլինի բռնությունը»։
Չնայած հարձակմանը՝ Ever Lovely նավը շարունակել է երթը և անվտանգ լքել Հորմուզի նեղուցը, հայտնել է Evergreen Marine ընկերությունը։
MarineTraffic ծառայության տվյալներով՝ նավը նեղուցով անցնելիս օգտագործել է հարավային երթուղին, որը գտնվում է Օմանի ափերին ավելի մոտ։
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ IMO-ի սահմանած երթուղով նեղուցը հատելու փորձերը «անընդունելի և չափազանց վտանգավոր» են, և նավատերերը պետք է իրենց գործողությունները համաձայնեցնեն Թեհրանի հետ։
Իրանի պետական լրատվամիջոցները, հղում անելով ԻՀՊԿ-ին, հայտնել են նաև, թե նեղուցը Իրանի տարածքն է։
IMO-ն հայտնել է, որ տարհանման դադարեցումից առաջ նեղուցով անվտանգ անցում է ապահովվել մոտ 115 նավի և 2500 նավաստու համար։
Նեղուցը կրկին բացվել էր հունիսի սկզբին ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունից հետո։
Փետրվարի վերջին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ հարվածների սկսվելուց հետո Թեհրանը փաստացի փակել էր նեղուցը, որը նավթի և գազի մատակարարումների կարևորագույն ուղիներից մեկն է։ Դա հանգեցրել էր համաշխարհային նավթային գների կտրուկ աճի և խաթարել էր նաև այլ կարևոր ապրանքների մատակարարումները համաշխարհային շուկաներ։
ԱՄՆ-ն ու Իրանը ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ համաձայնության էին եկել 14 կետից բաղկացած Փոխըմբռնման հուշագրի շրջանակում, որը նաև նախատեսում էր, որ Իրանը «բոլոր ջանքերը կգործադրի 60 օրվա ընթացքում առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար»։
Սակայն Իրանը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է նավերից գանձել վճար, որը բնորոշում է որպես «ծովային ծառայությունների վճար», այլ ոչ թե Հորմուզի նեղուցով անցման տուրք։