Վարդանյան. Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ

Վարդանյան. Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ

27 հունիսի 2026 – 15:17 AMT

PanARMENIAN.Net – Ընդդիմությունը մրցում էր ոչ թե իշխանության, այլ ամբողջ պետական ապարատի հետ, հայտարրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Էլինար Վարդանյանը Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննության երկրորդ նիստի ընթացքում:

Նրա խոսքով՝ երբ պետությունը դարձել է ընտրական պայքարի մասնակից, ընտրություններն այլևս չեն կարող համարվել հավասար, գրում է Sputnik Արմենիան:

«Դա արդեն մրցակցություն չէ, դա անհավասար պայքար է, որը վտանգավոր է ոչ միայն ընդդիմության, այլև յուրաքանչյուր ընտրողի համար։ Բարձր դատարա՛ն, իրավական պետությունում չի կարող կասկած լինել, որ եթե պետական մարմինն է սխալվել, ապա այդ սխալի հետևանքները չի կարող կրել քաղաքացին։

Տեղամասային հանձնաժողովի գործողությունների հետևանքները 2 ընտրատեղամասում առաջացրել են խնդիր։ Դրա համար պատասխանատու չէ ո՛չ ԲՀԿ-ն, ո՛չ էլ ավելի քան 58 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են մեզ։ Այդ քաղաքացիները կատարել են օրենքի պահանջները, սակայն հենց նրանք են զրկվել իրենց ձայնի սահմանադրական արժեքից»,– ասել է Վարդանյանը։

Էլինար Վարդանյանը նաև հայտարարել է, որ իշխանությունը նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում վարչական ռեսուրսը կիրառել է լայն գործիքակազմով։

«Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետական իշխանության ամենաբարձր պաշտոնը զբաղեցնող անձի կողմից բռնության, հաշվեհարդարի, սեփականության բռնագրավման, քրեական հետապնդումների մասին սպառնալիքները, ատելության խոսքը, պետական սոցիալական ծրագրերի քաղաքականացումը, հանրային հեռարձակողի անհավասարակշիռ վարքագիծը, ընտրական մարմինների անգործությունը, ընդդիմության նկատմամբ հետապնդումները, բազմաթիվ ձերբակալություններն ու կալանքները, ԿԸՀ որոշումները, որոնց արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվեցին իրենց ձայնը կրկին արտահայտելու հնարավորությունից՝ սրանք առանձին դեպքեր չեն, այլ մեկ համակարգ է, որը ցույց է տալիս, թե ինչպես պետությունը դարձավ քաղաքական պայքարի անմիջական մասնակից»,– ընդգծել է Էլինար Վարդանյանը։

Նշվել է նաև, որ ԲՀԿ ներկայացուցիչները հայտարարել են՝ քվեաթերթիկների համար նախատեսված ծրարները եղել են թափանցիկ, և այդ հարցով միջնորդություն են ներկայացրել Սահմանադրական դատարան։

Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվել են ԱԺ ընտրությունները, որոնց մասնակցել են 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական արդյունքներով ԲՀԿ-ն ստացել է ընտրողների ձայների 4 տոկոսը և կարող էր անցնել խորհրդարան։ Ավելի ուշ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրատեղամասերի քվեարկության արդյունքները, ինչի հետևանքով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորցրել է 213 ձայն և փաստացի չի հաղթահարել 4 տոկոսի անցողիկ շեմը։ Հունիսի 14-ին ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության վերջնական արդյունքները, որոնց համաձայն՝ ԲՀԿ-ն խորհրդարան չի անցել՝ ստանալով 58 287 ձայն կամ 3.9893 տոկոս։

ԿԸՀ-ի վերջնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանում ՔՊ-ն ունենալու է 64 մանդատ, «Ուժեղ Հայաստանը»՝ 29, իսկ «Հայաստան» դաշինքը՝ 12 մանդատ։

Հունիսի 19-ին յոթ քաղաքական ուժ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ ՍԴ-ում միավորված գործի քննությունը մեկնարկել է հունիսի 26-ին՝ ժամը 11:00-ին։ Սահմանադրական դատարանը գործը քննելու համար ունի 15 օր ժամկետ։

Leave a Comment