Խորամանկ մանրէ. Տարածաշրջանում Q տենդի բռնկում, տասնյակ մարդիկ են վարակվել


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ռուսաստանի Աստրախանի մարզում 2026 թվականի սկզբից Q տենդով հոսպիտալացվել է 39 մարդ, այդ թվում՝ 17 երեխա։ Հիվանդությունն առաջացնում է Coxiella burnetii բակտերիան, որը կարող է փոխանցվել մարդկանց վարակված կենդանիներից և ախտահարել թոքերը, լյարդը և սիրտը։

Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակման դեպքերն առավել հաճախ գրանցվել են Աստրախան քաղաքում, ինչպես նաև Վոլոդարսկի, Կամիզյակսկի, Կրասնոյարսկի, Լիմանսկի, Պրիվոլժսկի և Նարիմանովսկի շրջաններում։

Միաժամանակ,  Past.am-ը հայտնում է, որ Q տենդի դեպքերի թիվը Ռուսաստանում ընդհանուր առմամբ շուրջ 1,9 անգամ գերազանցում է բազմամյա միջին ցուցանիշը։

Ինչպե՞ս է փոխանցվում Q տենդը

Հիվանդության հարուցիչը՝ Coxiella burnetii-ն, երկար ժամանակ կարող է պահպանվել արտաքին միջավայրում՝ կենդանիների մորթու, չոր գոմաղբի, հում մսի և այլ մակերեսների վրա։

Մարդը կարող է վարակվել մի քանի ճանապարհով.

  • վարակված փոշին շնչելով (ամենատարածված ճանապարհը),

  • հում կամ չպաստերիզացված կաթ և կաթնամթերք օգտագործելով,

  • վարակված կենդանիների հետ շփման ընթացքում՝ մաշկի վնասվածքների միջոցով,

  • վարակված տզի խայթոցի հետևանքով։

Որո՞նք են ախտանիշները

Ինկուբացիոն շրջանը սովորաբար տևում է 1–2 շաբաթ։ Հիվանդությունն սկսվում է հանկարծակի և կարող է դրսևորվել հետևյալ ախտանիշներով.

  • 39°C-ից բարձր ջերմություն,

  • ուժեղ դող,

  • առատ քրտնարտադրություն,

  • գլխացավ,

  • մկանային և հոդային ցավեր,

  • չոր հազ, որը կարող է վերածվել բրոնխիտի կամ թոքաբորբի։

Բժիշկները զգուշացնում են, որ առանց ժամանակին բուժման հիվանդությունը կարող է դառնալ քրոնիկ և հանգեցնել լուրջ բարդությունների, այդ թվում՝ լյարդի բորբոքման (հեպատիտ) կամ սրտի փականների ախտահարման (էնդոկարդիտ)։

Ինչպե՞ս պաշտպանվել

Մասնագետները խորհուրդ են տալիս.

  • օգտագործել միայն եռացրած կամ պաստերիզացված կաթ,

  • կաթնամթերք գնել միայն անասնաբուժական հսկողություն անցած վաճառողներից,

  • կենդանիների հետ աշխատելիս կրել պաշտպանիչ հագուստ, ձեռնոցներ և դիմակ,

  • պարբերաբար ապահովել ընտանի կենդանիների անասնաբուժական զննումը։

Եթե բարձր ջերմության, հազի կամ այլ ախտանիշների դեպքում կասկածում եք Q տենդ, մասնագետները խորհուրդ են տալիս չզբաղվել ինքնաբուժությամբ և հնարավորինս շուտ դիմել բժշկի։ Ժամանակին սկսված հակաբիոտիկային բուժումը, որպես կանոն, արդյունավետ է և թույլ է տալիս խուսափել ծանր բարդություններից։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment