Ռուսաստանը փակում է Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսությունը

Մոսկվան որպես պատասխան քայլ որոշում է կայացրել դադարեցնել Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի հյուպատոսության գործունեությունը և երկրից արտաքսել ռումինացի հյուպատոսին։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ հունիսի 25-ին գերատեսչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի դեսպան Քրիստիան Իստրատեն։ Վերջինիս հանձնվել է նախարարության նոտան, որի համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում Ռումինիայի գլխավոր հյուպատոսը հայտարարվել է պերսոնա նոն գրատա, ինչպես նաև նախատեսվում է առաջիկայում փակել այնտեղ գործող ռումինական հյուպատոսական հիմնարկը։

Ռուսական դիվանագիտական գերատեսչությունում շեշտել են, որ նշված քայլերը ձեռնարկվել են ի պատասխան Բուխարեստի որոշման, որով անհիմն կերպով հետ էր կանչվել Կոնստանցայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության աշխատանքի համաձայնությունը, իսկ դրա ղեկավարը ճանաչվել էր պերսոնա նոն գրատա։

Leave a Comment