ArmLur.am-ի լրագրողը Երևան քաղաքի Ավանի դատարանի դիմաց այսօր ֆիքսել է մի իրավիճակ, որը հարցեր է առաջացնում ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման վերաբերյալ։ Լուսանկարում երևում է, որ ավտոմեքենան կանգնած է հետիոտնային անցման («զեբրա») վրա՝ զբաղեցնելով անցման զգալի հատվածը։

Ըստ ArmLur.am-ի տեղեկությունների՝ խոսքը դատախազի կողմից օգտագործվող ավտոմեքենայի մասին է. այն անձամբ պատկանում է դատախազ Արտակ Խաչատրյանին։ Հատկանշական է, որ ճանապարհային երթևեկության կանոններով հետիոտնային անցումների վրա կանգառը և կայանումը արգելվում են, քանի որ նման վարքագիծը կարող է խոչընդոտել հետիոտների անվտանգ տեղաշարժը և սահմանափակել ճանապարհի տեսանելիությունը։
Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ դեպքը արձանագրվել է դատարանի շենքի հարակից տարածքում, որտեղ օրենքի գերակայության և իրավական կարգապահության նկատմամբ պահանջները պետք է լինեն առավել խիստ։
Ստացվում է՝ օրինապահ դատախազն ինքն է օրենք խախտում:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի։
Քնար Մանուկյան