Ուկրաինայի երեք նախկին նախագահներ՝ Վիկտոր Յուշչենկոն, Պետրո Պորոշենկոն և Լեոնիդ Կուչման, հրաժարվել են լեհական պետական պարգևներից։
Յուշչենկոյի ներկայացուցիչը հայտարարել է, որ նա հրաժարվում է «Սպիտակ արծիվ» շքանշանից։ Նույն պարգևից հրաժարվել են նաև Պորոշենկոն և Կուչման։ Յուշչենկոյի մամուլի քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ շքանշանի շնորհման որոշումը վերանայելու Վարշավայի ցանկացած փորձ «այսօր արդեն դուրս է գալիս մեկ քաղաքական գործչի նկատմամբ վերաբերմունքի շրջանակներից»։
Լեհաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը և Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան հրաժարվել են «Լեհաստանի Հանրապետության հանդեպ ծառայությունների համար» շքանշանի Ասպետական խաչերից։ Նույն շքանշանի Ոսկե սպայական խաչից հրաժարվել է Կիրիլ Բուդանովը, իսկ Աստղով Կոմանդորի խաչից՝ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան։
Պաշտոնյաները դա արել են ի համերաշխութուն, երբ Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին զրկել է Վլադիմիր Զելենսկիին լեհական պետական պարգևից։
Պատճառը եղել է այն, որ Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկին շնորհել էր «ՈւՊԱ-ի հերոսների անվան» պատվավոր կոչումը (ՈւՊԱ-ն 2-րդ աշխարհամարտի տարիներին մասնակցել է լեհերի զանգվածային սպանություններին)։
