Օրենսդրական կարգավորմամբ առաջարկվում է կանոնակարգել դեղերի շրջանառության ոլորտը

Դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, դեղերի որակի, անվտանգության եւ մատչելիության ապահովման առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրը լրացումներ եւ փոփոխություններ է առաջարկում «Դեղերի մասին» օրենքում: Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ ԱԺ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանը:

Բնակչության առողջապահական առաջնահերթ կարիքները բավարարելու նպատակով առաջարկվում է ընդլայնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար, համաձայն ԵԱՏՄ կանոնների, գրանցում չի պահանջվում: Դա հնարավորություն կտա թույլատրել գրանցում չունեցող, սակայն հիմնական դեղերի ցանկում ներառված դեղերի ներմուծումը: Այդ կարգավորումը վերաբերում է նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերին:

Ներկրվող դեղեր գրանցանմուշի հետ անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված պայմաններում կթույլատրվի դրա վերապիտակավորումը ծածկաշերտի միջոցով:

Առաջարկվում է հստակեցնել ներմուծումը մերժելու հիմքերը՝ սահմանված պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման ռիսկերը նվազեցնելու նպատակով:

Առաջարկվում է նաեւ լրամշակել դեղերի արտադրության եւ բաշխման լիցենզիայի կասեցման ու դադարեցման հիմքերը, ընդլայնել լիցենզավորող մարմնի իրավասությունները:

Նախատեսվում է օրենքում սահմանել դեղագործական արտադրանքի պահպանում իրականացնող մաքսային պահեստների մեծածախ իրացման լիցենզիայի եւ պատշաճ բաշխման գործունեության հավաստագրի պարտադիր ստացումը: Այս լրացմամբ առաջարկվում է վերոհիշյալ կարգավորումը կիրառել նաեւ դեղերի ներմուծում, արտահանում եւ բաշխում իրականացնող այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող դեղագործական արտադրանքի պահեստների համար:

Այս դրույթներն ուժի մեջ կմտնեն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանիկ Օհանյանը կարեւորել է նախաձեռնության ընդունումը եւ ներկայացրել հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Leave a Comment