8 մարդ է զոհվել ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52 Stratofortress ռմբակոծիչի կործանման հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի հարավում գտնվող «Էդվարդս» ավիաբազայից թռիչք կատարելուց անմիջապես հետո. հայտնել են բազայի ներկայացուցիչները։
Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 11:20-ին։ Ինքնաթիռն իրականացնում էր պլանային փորձնական թռիչք։ Կործանումից հետո երկինք է բարձրացել սև ծխի հսկայական սյուն։
«Այսօր «Էդվարդս» ավիաբազայում սոսկալի ողբերգություն է տեղի ունեցել, և մենք կորցրել ենք ութ հրաշալի ամերիկացիների»,— լրագրողներին հայտնել է գնդապետ Ջեյմս Հեյզը՝ նրանց բնութագրելով որպես զինվորականներից, կառավարության քաղաքացիական աշխատակիցներից և կապալառուներից կազմված խառը անձնակազմ։
Նրա խոսքով՝ B-52-ը մասնակցում էր բազայի ռադիոլոկացիոն միջոցների արդիականացման ծրագրին. այն կործանվել է թռիչքից անմիջապես հետո և բռնկվել։
Պատճառը դեռևս պարզված չէ և կորոշվի մի շարք հետաքննությունների ընթացքում, որոնք կարող են տևել մինչև 30 օր։ Պատճառների լրացուցիչ ուսումնասիրությունները կարող են պահանջել ավելի քան վեց ամիս, հավելել է Հեյզը։
Boeing B-52 Stratofortress-ը ամերիկյան զինուժի կողմից օգտագործվում է 1950-ական թվականներից։ Այն հեռահար ռազմավարական ռմբակոծիչ է, որը մասնակցել է Իրանի ռմբակոծություններին՝ այդ երկրի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին պատերազմի ժամանակ։
