Իրանի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել

Իրանի շուրջ իրավիճակը կրկին լարվել է. ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել

ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանին այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը Թեհրանին մեղադրել է Հորմուզի նեղուցի վրա ամերիկյան ուղղաթիռ խոցելու մեջ։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ի պատասխան հայտարարել է տարածաշրջանում ամերիկյան ռազմաբազաների թիրախներին հարվածներ հասցնելու մասին։

«Այս առաքելությունը համաչափ պատասխան է իրանական անհիմն ագրեսիային»,— ասված է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության՝ CENTCOM-ի հայտարարության մեջ։

Ավելի ուշ ամերիկյան կողմը հստակեցրել է, որ երկուշաբթի օրը ամերիկյան ուղղաթիռի խոցմանն ի պատասխան՝ թիրախավորվել են Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը, ցամաքային կառավարման կետերն ու ռադիոլոկացիոն կայանները։

Հարվածների շարքի մեկնարկից երեք ժամ անց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է առաքելության ավարտի մասին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախօրեին Իրանը Հորմուզի նեղուցի շրջանում խոցել է ամերիկյան «Apache» մարտական ուղղաթիռ. «Մեր  բանակը հենց նոր ինձ տեղեկացրեց, որ անցյալ գիշեր իրանցիները խոցել են մեր բարձրտեխնոլոգիական «Apache» ուղղաթիռներից մեկը, երբ այն պարեկություն էր իրականացնում Հորմուզի նեղուցում,— գրել է Թրամփն իր «Truth Social» սոցիալական ցանցում։— Այնտեղ երկու օդաչու կար, երկուսն էլ ողջ ու անվնաս են։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները պետք է պատասխանի այս հարձակմանը»։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին X-ում մեկնաբանել է ամերիկյան նոր հարվածները։

«Չնայած մարտի դաշտում կրած իրենց պարտություններին՝ ԱՄՆ-ը որոշեց ստուգել մեր վճռականությունը։ Մեր հզոր զինված ուժերը ոչ մի հարձակում կամ սպառնալիք անպատասխան չեն թողնի»,— գրել է նա և հավելել.— «Լքե՛ք մեր տարածաշրջանը, եթե ցանկանում եք անվտանգության մեջ լինել»։

Ի պատասխան ամերիկյան հարվածների նոր ալիքի՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է տարածաշրջանում, այդ թվում՝ Բահրեյնում և Հորդանանում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազաների 21 թիրախներին հարվածներ հասցնելու մասին, իսկ Քուվեյթը հայտնել է հարձակումը հետ մղելու (որսալու) մասին։

Ամերիկացի պաշտոնյաները դեռևս չեն մեկնաբանել իրենց բազաների վրա հարձակումների մասին լուրերը, և պարզ չէ՝ արդյոք որևէ վնաս հասցվել է, թե ոչ։ Այդուհանդերձ, տեղի իշխանությունների տվյալներով, Բահրեյնում օդային տագնապ է հայտարարվել, և իրանական հարձակումները հետ են մղվել։

Leave a Comment