Թուրքիան ողջունել է Փաշինյանի հաղթանակը և ավելի համարձակ քայլերի կոչ արել

Թուրքիան ողջունել է հունիսի 7-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացումը ու այն անվանել «խաղաղ և հանգիստ», հայտնել է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Անկարայում հույս են հայտնել, որ հետընտրական շրջանում Հայաստանն ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության և կարգավորման ուղղությամբ։

«Թուրքիան շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանը և բարգավաճմանը, ինչպես արել է մինչ օրս՝ ելնելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերից»,- ասված է հաղորդագրության մեջ։

Մի շարք պետությունների առաջնորդներ և ԵՄ կառույցների ղեկավարներ շնորհավորել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Նրանց թվում են Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և այլ պետությունների ու եվրոպական կառույցների ղեկավարներ։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել էր Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հայտարարել նրա աջակցության ու TRIPP-ին նվիրվածության մասին։
Շնորհավորական ուղերձում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը բարձր էր գնահատել ընտրությունների հաջող անցկացումը։

Leave a Comment