Խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին։ Մասնակից 18 ուժերից, նախնական արդյունքներով, խորհրդարան անցնելու շեմը հաղթահարել է երեք ուժ՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Ուժեղ Հայաստան» ու «Հայաստան» դաշինքները։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չնչին մնացորդով անցողիկ շեմը չի հաղթահարել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության նախնական արդյունքները, ըստ որոնց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,825%-ը՝ ապահովելով համոզիչ հաղթանակ։ Երկրորդ տեղում «Ուժեղ Հայաստան» դաշինքն է՝ 23,281%-ով, իսկ «Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 9,934%-ը։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի գնահատմամբ՝ այս ընտրություններն առանձնացել են քաղաքացիների աննախադեպ մասնակցությամբ։
«Ցանկացած պետության համար ամենակարևոր էլեմենտներից մեկն այն է, թե ինչքան մարդ է, ի վերջո, գալիս ընտրություններին», — ասաց Քոչինյանը։
Քաղաքագետը նաև անդրադարձել է ընտրակաշառքների և իրավապահների գործունեության վերաբերյալ հրապարակումներին՝ ընդգծելով, որ վերջին տարիներին զգալիորեն մեծացել են իրավապահ համակարգի հնարավորություններն ու կամքը՝ նման հանցագործությունները բացահայտելու հարցում։
Բանախոսը համոզված է՝ ընտրությունների արդյունքներով հասարակությունը հստակ քաղաքական գնահատական է տվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած քաղաքական ուժին։
«Կարծում եմ՝ Ռոբերտ Քոչարյանին իր տեղը ցույց տվեց հայ ժողովուրդը։ Ընդ որում, ես կարծում եմ՝ նույնիսկ շատ ճոխ է ցույց տվել, հլը որ», — ընդգծել է նա։
Քաղաքագետն անդրադարձել է նաև քարոզարշավի ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հայտարարություններին, թե Սամվել Կարապետյանը Հայաստանի հաջորդ վարչապետն է։ Այնինչ, ըստ պաշտոնական տվյալների, նրանք 23 տոկոսից մի փոքր ավելի ձայն են ստացել։
«Նախ, եկեք ֆիքսենք, որ իրենք, ուրեմն, ցանկալին իրականության հետ էին շփոթ դեռևս նախընտրական փուլում, որովհետև էդ մարդը չի կարա լինի Հայաստանի վարչապետ, օրենսդրորեն էդ մարդը չի կարա լինի Հայաստանի վարչապետ. դրա համար, երբ իրենք էդ մարդուն ասում են Հայաստանի վարչապետ, իրենք, իրականում, վարչապետ չպիտի ասեն, իրենք պիտի ասեին Հայաստանի, էսպես ասենք, շողքային կամ ստվերային կառավարիչ», — ասաց Քոչինյանը։
Նա նկատում է՝ եթե նույնիսկ այդ քաղաքական ուժը ստանար 55 տոկոս ձայն, նա, միևնույն է, չէր կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։
Ընտրությունների ավարտից հետո ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորության մասին խոսակցություններն, ըստ Քոչինյանի, գործնական հիմքեր չունեն։
«Եթե մենք էս ուժերին առանձին-առանձին ենք վերցնում, ապա որևէ մեկը անգամ մոտ չի եղել իշխանություն ձևավորելու համար անհրաժեշտ թվին, անգամ մոտ չի եղել։ Եվ պատահական չէ, որ գիշերը, երբ տեսնում ենք տարբեր, էսպես, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցող գործիչների հայտարարությունները, իրենք հիմնականում խոսում են «հավաքական ընդդիմության» գրանցած ձայների մասին, ընդ որում՝ այդ «հավաքական ընդդիմություն» որ ասում են, նկատի ունեն 4 ուժ», — նկատեց քաղաքագետը։
Քաղաքագետը նաև ընդգծում է, որ Հայաստանի ընտրական համակարգն այսօր ունի թափանցիկության այնպիսի մեխանիզմներ, որոնք նվազագույնի են հասցնում համակարգային կեղծիքների հավանականությունը։
«Հայաստանում ընտրական գործընթացները էնքան թափանցիկ են, և գործիքները էնքան շատ են, որպեսզի հասարակության մոտ լինի 100 %-անոց վստահություն, որ ընտրությունները չեն կեղծվել։ Չգիտեմ՝ ստորագրություն, մատնահետք, կրկնակաքվեարկության բացառում, մինչև ընտրությունները ընտրելու իրավունք ունեցողների ցուցակների հրապարակում, ընտրություններից հետո էլ քվեարկածների ցուցակների հրապարակում… տենց բան աշխարհում, համարյա, ոչ մի տեղ չկա», — վստահեցրեց Քոչինյանը։
Մինչ այդ, ընտրություններին մասնակից ուժերը ժամանակ ունեն դիմելու ԿԸՀ՝ վերահաշվարկի համար։ Այս հարցով ԿԸՀ դիմելու մտադրության մասին հայտարարել է ԲՀԿ-ն, որը ձայների չնչին տարբերությամբ չի անցել խորհրդարան։
Հաջորդիվ պարզ կդառնա՝ արդյոք ընտրությունների արդյունքները կբողոքարկվեն ՍԴ-ում, թե՞, այնուամենայնիվ, կընդունեն դրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
