Կարծում եմ՝ սահմանափակումների հարցում նաև քաղաքական բաղադրիչ կա. տնտեսագետ

Կարծում եմ՝ սահմանափակումների հարցում նաև քաղաքական բաղադրիչ կա. տնտեսագետ

Օրեր շարունակ Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառում հայկական մրգի և բանջարեղենի ներմուծման նկատմամբ։ Որոշ մասնագետների կարծիքով՝ այս քայլերն ունեն քաղաքական ենթատեքստ, մինչդեռ մյուսները պատճառը տեսնում են արտադրանքի որակի և տեխնիկական պահանջներին համապատասխանության խնդիրների մեջ։

Թեմայի շուրջ Radar Armenia-ի զրուցակիցն է տնտեսագետ Կարեն Սարգսյանը։

-Ըստ Ձեզ՝ իրական նպատակը որն է՝ քաղաքական ենթատե՞քստը, թե՞ որակը։

-Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ պաշտոնական պարզաբանմամբ խոսքը որակի հետ կապված խնդիրների մասին է, սակայն, կարծում եմ, այստեղ կա նաև քաղաքական բաղադրիչ։ Բացի այն հանգամանքից, որ այժմ նախընտրական փուլ է, Հայաստանը նաև քայլեր է ձեռնարկում դեպի Եվրամիություն ինտեգրման ուղղությամբ։ Կարծում եմ՝ հենց սա է Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների կիրառման հիմնական պատճառներից մեկը։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ կան նաև տեխնիկական խնդիրներ։ Գուցե նախկինում ցուցաբերվել է ավելի ազատական մոտեցում, իսկ այժմ ավելի խիստ ուշադրություն է դարձվում փաստաթղթային համապատասխանությանը՝ արդյոք ապրանքը համապատասխանում է պահանջներին, թե ոչ։ Սակայն սա որոշ հարցեր է առաջացնում, քանի որ եթե նախկինում նույն ապրանքները որակական խնդիրներ ունեին, ապա ինչպե՞ս էին ընդունվում։ Ի վերջո, ապրանքը նույնն է, և մինչ այժմ դրա հետ կապված որևէ խնդիր չէր արձանագրվում, մինչդեռ հիմա արդեն սահմանափակումներ են կիրառվում։

-Նշվում է, որ ՌԴ-ի կողմից արգելված ապրանքներն ուղարկվել են ԵՄ։ Ձեր կարծիքով՝ ԵՄ շուկան որքանո՞վ է կայուն․ հայ արտահանողները կգտնե՞ն իրենց տեղը, գները մրցունա՞կ են։

-ԵՄ-ի դեպքում, ապրանքատեսակների հետ կապված, գործում է նաև պետական արտոնությունների ծրագիր, և մաքսատուրքերի որոշակի մասը կառավարությունը սուբսիդավորում է, սակայն ապրանքներն ավելի մրցունակ դարձնելու համար երկար ժամանակ է պետք։ Որակական առումով, կարծում եմ, դեռևս անելիքներ կան։ Պետք են որակական նոր ստանդարտներ՝ ոչ թե ուղղակի նոր, այլ կոնկրետ Եվրոմիության պահանջներին համապատասխան, քանի որ մինչ այս մեր ապրանքները համապատասխանել են ԵԱՏՄ ստանդարտներին, և հիմա արդեն պետք է փոխվեն։ Այստեղ որոշակի տարբերություններ կան։ Այսինքն՝ եթե արդեն իսկ նախատեսվում է, որ ապրանքներն այլևս չեն արտահանվելու ԵԱՏՄ շուկա, արտադրողներն արդեն, բնականաբար, պետք է աշխատեն նոր ստանդարտների ուղղությամբ։

-Ի՞նչ վնաս կարող է կրել հայ արտահանողը կարճաժամկետ հեռանկարում։

-Կարճաժամկետ հեռանկարում խնդիրներ կարող են առաջանալ հատկապես այն ապրանքների դեպքում, որոնց պիտանելիության ժամկետը երկար չէ։ Դրանք կարող են զգալի վնասներ պատճառել ինչպես արտադրողներին, այնպես էլ գյուղացիական տնտեսություններին։ Այն ապրանքների մասով, որոնք հնարավոր է պահեստավորել և փուլային կերպով արտահանել, կարծում եմ՝ հիմնական խնդիրները կապված կլինեն ժամանակի հետ։ Սակայն կա նաև շուկաների ուսումնասիրության հարցը։ Եվրամիության շուկան պետք է մանրամասն ուսումնասիրվի։ Այս պահին, որքանով տեղյակ եմ, դեռևս չկա լայնածավալ հետազոտություն, որը հստակ ցույց կտա, թե կոնկրետ որ երկրի շուկան պետք է թիրախավորվի։ Փոքր ծավալներով փորձնական արտահանումը, կարծում եմ, էական ազդեցություն չի ունենա, սակայն լայնածավալ արտահանման համար անհրաժեշտ է նախապես ուսումնասիրել շուկաները և հասկանալ պահանջարկի առանձնահատկությունները։

-Կառավարությունն աջակցության ծրագրեր է մշակել, նաև համապատասխան որոշում ընդունվեց այսօրվա նիստում։ Ըստ Ձեզ՝ դրանք որքանո՞վ իրավիճակը կշտկեն և կօգնեն տնտեսվարողներին։

-Տեսեք՝ ապրանքների ցանկը բոլոր ապրանքները չի ներառում, այլ վերաբերում է կոնկրետ ապրանքատեսակների։ Օրինակ, հայկական մրգերի մասով ես տեղեկություն չունեմ, որ նման ծրագիր է գործում։ Խոսքը հիմնականում այն ապրանքների մասին է, որոնք նախկինում արդեն արտահանվել են նաև Եվրամիություն, և այժմ նպատակն այդ շուկաներում դրանց ներկայությունն ընդլայնելն է։ Սակայն այն ապրանքների դեպքում, որոնց հիմնական իրացման շուկան Ռուսաստանն է, անհրաժեշտ է մշակել առանձին աջակցության փաթեթներ։ Դա, բնականաբար, չի կարող շատ արագ իրականացվել։ Նույնիսկ եթե արագ իրականացվի, պահանջում է զգալի ֆինանսական ռեսուրսներ և պետական բյուջեի վրա լրացուցիչ ծախսային բեռ է ավելացնում։ Իհարկե, նման աջակցությունը չի կարող լինել համատարած կամ անժամկետ։ Այն կարող է լինել կարճաժամկետ միջոցառում, որի ընթացքում արտադրողները, գնահատելով իրենց արտադրանքի որակը, գնային մրցունակությունը և ուսումնասիրելով շուկաները, կթիրախավորեն կոնկրետ երկրներ ու դրանց շուկաները։ Դրանից հետո արդեն կկարողանան ինքնուրույն արտահանման քաղաքականություն վարել։ Միևնույն ժամանակ, կան նաև լոգիստիկ խնդիրներ։ Այժմ խոսվում է Ախալքալաք–Կարս երկաթգծի շահագործման մասին, սակայն Հայաստանը դեռ պետք է այդ ճանապարհով արտահանում իրականացնի, որպեսզի հնարավոր լինի գնահատել դրա ազդեցությունը ինքնարժեքի վրա։ Պետք է հասկանալ՝ այդ ուղին ավելի էժան կլինի՞, քան, օրինակ, Ռուսաստան արտահանումը, քանի որ լոգիստիկ ծախսերն անմիջականորեն ավելացվում են ապրանքի ինքնարժեքին։ Այսինքն, դեռ պետք է անցնի որոշակի փորձաշրջան, որպեսզի հետագայում հնարավոր լինի ավելի հստակ գնահատականներ տալ։

Լիլիթ Աբրահամյան

Leave a Comment