ԱՄՆ-ի Դյուկի համալսարանի գիտնականները ստեղծել են «Արգուս» անունով ռոբոտ, որը կարող է տեսնել և շարժվել ցանկացած ուղղությամբ՝ առանց առջևի, հետևի, վերևի կամ ներքևի կողմ ունենալու։ Ռոբոտը բաղկացած է կենտրոնական միջուկից և 20 հեռաձգվող ոտքերից, որոնց վրա տեղադրված են խորության չափման տեսախցիկներ։ Ի տարբերություն մարդանման կամ կենդանիներին նմանակող ռոբոտների՝ «Արգուսը» նախագծվել է ոչ թե բնության ձևերը կրկնօրինակելու, այլ բոլոր ուղղություններով հավասար արդյունավետությամբ շարժվելու համար։
Փորձարկումների ընթացքում այն կարողացել է հաղթահարել ավազոտ տեղանքներ, անտառային խիտ բուսականություն և տարբեր խոչընդոտներ։ Ռոբոտը նաև բարձրացել է զուգահեռ աղյուսե պատերի միջև և պահպանել հավասարակշռությունը նույնիսկ ուժեղ բախումներից հետո։ Գիտնականների խոսքով՝ «Արգուսի» կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն շարունակում է գործել նույնիսկ այն դեպքում, երբ շարժիչներից մեկը շարքից դուրս է գալիս կամ ոտքերից մեկը վնասվում է։
Հետազոտության հեղինակները կարծում են, որ այս տեխնոլոգիան կարող է օգտագործվել որոնողափրկարարական աշխատանքներում, ինչպես նաև ստորջրյա, օդային և այլ բազմաֆունկցիոնալ ռոբոտների ստեղծման համար։
