Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ՔՊ-ի և Հանրային հեռուստաընկերության դեմ

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները և ներողություն խնդրել, տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից։

Հայցադիմումը Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացվել մայիսի 21-ին: Որպես պատասխանողներ ներգրավված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:

Կարապետյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում հրապարակայնորեն, նույն եղանակով հերքել Հանրային հեռուստաընկերությամբ հրապարակված ՔՊ նախընտրական քարոզչական տեսանյութում տեղ գտած զրպարտչական բնույթի կեղծ տեղեկությունները:

Ըստ հայցի՝ տեսանյութում Կարապետյանի հասցեին հնչեցված «օլիգարխ», «պատերազմի եռագլուխ կուսակցություն կազմելու», «ժողովրդին խաբելու», «վախեցնելու», «իշխանության գալու համար ձայներ գնելու», «պատերազմ հրահրելու», «Հայաստանի անկախությունը վերացնելու» և «օտարերկրյա լրտես հանդիսանալու» մասին արտահայտություններն ամբողջությամբ սուտ են ու չեն համապատասխանում իրականությանը:

Հայցվորը նաև պահանջում է պարտավորեցնել պատասխանողներին եռօրյա ժամկետում հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից՝ վերջինիս արժանապատվությունն ու բարի համբավը վիրավորական արտահայտություններով արատավորելու համար:

Գործի նյութերից պարզ է դառնում, որ դատարանը հայցադիմումը սկզբնապես վերադարձրել է մայիսի 25-ին, սակայն հայցվորն այն կրկին ներկայացրել է մայիսի 26-ին։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։

Ավելի վաղ ընդդիմադիր մի շարք ուժերի ներկայացուցիչներ ևս հայտարարել էին Հանրային հեռուստաընկերության հրապարակումների պատճառով դատարան դիմելու մտադրության մասին։ Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը հեռուստաընկերությանը մեղադրել էր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի հասցեին զրպարտություն տարածելու մեջ։ Հանրայինի դեմ հայցեր պատրաստելու մասին հայտնել էր նաև «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը՝ նշելով, որ պատճառը քաղաքական ուժի՝ ռուսական կողմից ենթադրյալ ֆինանսավորման մասին հրապարակումներն են, որոնք նա անվանել էր «բացարձակ կեղծիք»։

«Ուժեղ Հայաստան» դաշինքում կատարվողը որակում են քաղաքական հետապնդում և հայտարարում, որ ուժը գործում է օրենքի շրջանակներում ու բացառում է ընտրակաշառքների կիրառումը։

Leave a Comment