Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ հայկական կողմը հրաժարվել է հավատարմագրել որոշ ռուս ներկայացուցիչների՝ որպես հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների ԱՊՀ դիտորդական առաքելության մասնակից։
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ստացել է դիտորդական առաքելություն ձևավորելու խնդրանք և ներկայացրել է թեկնածուների ցուցակներ՝ «սահմանված ընթացակարգին համապատասխան»։ Սակայն ավելի ուշ, ըստ դիվանագետի, Երևանը «ոչ պաշտոնապես տեղեկացրել է առաքելության մեջ մի շարք ռուս քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին»։
«Խոսքը Պետդումայի երեք պատգամավորների և Կարաչայ-Չերքեզական Հանրապետության ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի մասին է»,- ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ Մոսկվան պաշտոնական պարզաբանում է խնդրել, բայց պատասխան չի ստացել, «այդ թվում՝ այս որոշման պատճառների վերաբերյալ»։ Զախարովայի խոսքով՝ նշված անձինք նախկինում չեն բախվել Հայաստան մուտք գործելու սահմանափակումների և չեն գտնվում Հայաստանի «սև ցուցակներում»։
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել մեկ տասնյակից ավելի քաղաքական ուժեր։ Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնության թևեր» նախաձեռնությունը, Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և այլ քաղաքական ուժեր հայտարարել էին ընտրություններին մասնակցելու մտադրության մասին:
