Թրամփն աջակցել է Փաշինյանի թեկնածությանը Հայաստանում առաջիկա ընտրություններում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր աջակցություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Այդ մասին նա հայտարարել է «Truth Social» սոցիալական ցանցի իր էջում:

Թրամփը Փաշինյանին անվանել է «մեծ ընկեր և առաջնորդ», որը Հայաստանը դարձնում է «ուժեղ, հարուստ և անվտանգ», ինչպես նաև նշել է, որ վարչապետը կիսում է իր «տեսլականը Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի խաղաղության ու բարգավաճման վերաբերյալ»։

ԱՄՆ նախագահը հիշատակել է նաև մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Երևան և հայտարարել, որ Վաշինգտոնն ու Երևանը շուտով կսկսեն «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) նախագծի իրականացումը։

«Այս պատճառներով Նիկոլը ստանում է իմ լիակատար և անվերապահ աջակցությունը՝ 2026 թվականի հունիսի 7-ին վերընտրվելու համար»,- հայտարարել է Թրամփը։

Նա հավելել է, որ Փաշինյանի հետ համագործակցությունը թույլ կտա ԱՄՆ-ի, Հայաստանի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարաբերությունները բարձրացնել «աննախադեպ մակարդակի»։

«Ստեղծե՛նք Մեծ Հայաստան կրկին»,- եզրափակել է նա։

«Նախագահ Թրամփին շնորհակալ եմ բարձր գնահատականի և բարեկամական խոսքերի համար»,-ի պատասխան գրել է վարչապետը սոցիալական ցանցի իր էջում։ 

Թրամփի և Փաշինյանի առաջին շփումները սկսվել էին 2025 թվականի օգոստոսին TRIPP-ի նախապատրաստման շրջանակներում։ Oգոստոսի 8-ին ստորագրվել էր համատեղ հռչակագիր, որի շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են ընդմիշտ դադարեցնել պատերազմները, բացել առևտրային, զբոսաշրջային և դիվանագիտական հարաբերություններ, ինչպես նաև հարգել միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Հռչակագրով նախատեսվում է ստեղծել TRIPP-ը։

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետո Թրամփը մի քանի առիթներով նշել էր, որ իր ջանքերի արդյունքում է, որ 30 տարվա հակամարտությունից հետո Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության են հասել։

Leave a Comment