1990-ականների քաոտիկ ու վճռորոշ տարիներին, երբ նորանկախ Հայաստանի պետականությունը դեռ նոր էր սովորում սեփական ձայնով խոսել աշխարհի հետ, պետականության ձևավորման ամենաբարդ և պատասխանատու շրջափուլում երիտասարդ մասնագետներից մեկը՝ Աննա Աղաջանյանն, իր ճանապարհը սկսեց սկզբում Հայաստանի Գերագույն խորհրդում, իսկ տարիներ անց դարձավ հայկական դիվանագիտության փորձառու դեմքերից մեկը։
Շվեդիայի, Նորվեգիայի, Դանիայի թագավորություններում, Ֆինլանդիայում և Իսլանդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աննա Աղաջանյանի հետ խոսել ենք դիվանագիտական ծառայության մարտահրավերների, միմյանց վստահելու կարևորության և դիվանագիտական կյանքի կողմնակի ազդեցությունների մասին։
-Նախագահ Տեր-Պետրոսյանն ուներ ավագ խորհրդական՝ Ժիրայր Լիպարիտյանը, որը և մեր վերլուծական խմբի հիմնադիրն էր, և ես այնտեղից եմ սկսել, ու վախենալու չէր ոչինչ, որովհետև բոլորս նույնն էինք՝ գործը գիտեինք կամ չգիտեինք հավասարաչափ, և վախի գործոնը չկար։ Ժիրայրն առաջին հարցը, որ տվեց՝ կոմպյուտեր գիտե՞ս, բնականաբար, 90 թվականն էր այդ ժամանակ, և ես ասացի՝ ոչ, բայց նույնը, իմ պես, ասացին մարդիկ, որոնց մի մասն հիմա համակարգում է, իսկ մյուս մասը վերադարձավ ակադեմիա։
Ժամանակակից մարդու ամենամեծ խնդիրներից մեկը մասնագիտական ընտրության հարցն է։ Մեր ժամանակներում մասնագիտություններն այնքան շատ են ու տարբեր, որ թվում է՝ մեկ կյանքը շատ երկար է մեկ մասնագիտություն սովորելու համար։
1980-ականներին էլ մասնագիտական ընտրության հարցը սուղ էր։ Ժամանակները բարդ էին, մասնագիտական ընտրության ցանկը՝ սահմանափակ։
-1987 թ․-ին եմ դպրոցն ավարտել։ Մեր ունեցած մասնագիտությունների հնարավորությունները շատ ավելի սահմանափակ էին, քան այսօր։ Սովորելու տեղերը շատ ավելի ստանդարտ էին՝ բժշկական չէի գնա, պոլիտեխնիկ չէի գնա, մնում էին հումանիտար առարկաները։ Եվ ես գնացել եմ անգլերեն լեզու, գրականություն մասնագիտությամբ, ոչ թե միջազգային հարաբերությունների, քանի որ ֆակուլտետը գոյություն չուներ։

Սուսիլո Բամբանգ Յուդհոյոնոյին
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը դեռ չավարտած՝ Աննա Աղաջանյանը գործի անցավ ՀՀ Գերագույն խորհրդի տեղեկատվական և վերլուծության վարչությունում որպես փորձագետ, իսկ մի քանի տարի անց սկսեց բարձրանալ ՀՀ ԱԳՆ մասնագիտական աստիճաններով՝ ձեռքի տակ զգալով փոփոխվող դիվանագիտության զարկերակը։
-Վախենամ, որ դիվանագիտությունը կորող մասնագիտություններից է, էն ավանդական դիվանագիտությունը, որը ես չգիտեմ՝ երբևէ գոյություն ունեցել է, թե՝ ոչ, դիվանագիտություն, որտեղ դու պատկերացնում ես սև կոստյումով կամ սև հագուստով, բանտիկը դրած ինչ-որ մեկին՝ շամպայնը ձեռքին։
Մեր զրույցի այս հատվածում դուք լսելու եք տեսակետ այն մասին, թե ինչպես պատմության մեջ մտած շատ հայտնի դիվանագետների աշխատող բանաձևերը մեր ժամանակների աշխարհում գուցե չաշխատեին։ Եվ այսպես՝ կար մի կատու՝ Թալեյրան անունով։
-Ես ունեի կատու, որի անունը Թալեյրան էր։ Շատ պատմական և դիվանագիտական կատու էր, աշխարհը պտտած կատու, և կատվի անունը, բնականաբար, պատահական չէր։ Բայց տարիների հետ Թալեյրանի դպրոցը, հասկանում ես, որ գուցե պիտի լիներ իր ժամանակին, բայց այսօր ամեն ինչ հակառակ է այդ դպրոցին։ Թալեյրանի ժամանակ դիվանագիտությունը, խաբեություն չասեմ, բայց ճշմարտությունը գեղեցկացնելու սկզբունքը, ըստ իս, այսօրվա դիվանագիտությունից դուրս է եկել։
Մի ոլորտում, որտեղ հաճախ գերակշռում են հաշվարկված ձևակերպումներն ու քաղաքական զգուշավորությունը, Աննա Աղաջանյանի համար կարևոր է ուղիղ և վստահություն պարունակող խոսքը՝ նույն ինքը՝ ազնվությունը։
-Հատկապես այս երկրներում աշխատելիս, դու հասկանում ես, որ ազնվությունը և բաց քննարկումն ամենաճիշտն են, որովհետև, եթե դու մարդուն ասում ես՝ կներես, բայց ես չեմ կարող այսօր հանդիպման գալ, որովհետև, ու ասում ես՝ ինչ-որ մի անձնական հարց, որը շտապ պետք է լուծվի, մարդը քեզ ավելի է հարգում։ Եվ սա մեջբերում է մեր գործընկերներից մեկից, որն ասաց. «Շատ ավելի ինձ հոգեհարազատ էր, որ Դուք անկեղծ ասացիք, որ այս ինչի պատճառով պիտի հանդիպումը չեղարկեք, հաջորդ օրը հանդիպենք, քան եթե դուք կարող էիք հազար ու մի բան հորինել, բայց դուք չհորինեցիք»։
Աննա Աղաջանյանն այն կին դիվանագետներից է, ում համար սեռը պարզապես փաստ է, ոչ երբեք առավելություն կամ առանձնահատուկ վերաբերմունքի առիթ։ Իր ամբողջ աշխատանքային կարիերայի ընթացքում նա երբեք չի փորձել շահարկել այդ կարծրատիպը՝ առաջնահերթությունը տալով մասնագիտական ունակություններին և դրանցից բխող արդյունքներին։
-Իմ տատիկը եղել է երկրաբան, իմ մայրիկը եղել է իրավաբան, մեր ընտանիքում չեն եղել սեռային կարծրատիպեր։ Ես իսկապես չեմ ուզում գնալ այնտեղ, որ մենք պայքարում ենք կանանց իրավունքների համար, չեմ ուզում։ Կան այդ կարծրատիպերը, բնականաբար, կան։ Այսօր ես աշխատում եմ մի երկրում, որտեղ քեզ թվում է, որ չկա, գոյություն չունի գենդերային անհավասարություն, բայց կա, միևնույն է՝ կա։ Մենք ունեցել ենք կին վարչապետ, անգամ Շվեդիայի պես հասարակությունում կա։ Չի կարող ոչ մի հասարակություն այսօր ասել, որ այդ հավասարությունը հարյուր տոկոսանոց է։
Միևնույն ժամանակ, առաջին անգամ սեռով պայմանավորված կարծրատիպը, սակայն, աշխատեց այն ժամանակ, երբ ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը Աննա Աղաջանյանին ցանկանում էր ուղարկել մուսուլմանական երկիր՝ Ինդոնեզիա, առաջին անգամ այդ երկրում ՀՀ դեսպանատուն բացելու առաքելությամբ։

-Ես նախարարին ասացի՝ արդյո՞ք Դուք ճիշտ եք համարում լուրջ մահմեդական երկիր ուղարկել տարածաշրջանը չիմացող կին դիվանագետի՝ առաջին դեսպան։ Ասեց՝ այո՛, այդ ամենը ես հաշվարկել եմ և հենց այդպես եմ որոշել, և ես հասկացա, որ նա ճիշտ էր, որովհետև, երբ որ դու այդ երկիր գալիս ես, և այդ երկիրը տեսնում է, որ իրեն չէին ընկալում որպես մահմեդական երկիր և ուղարկում են կին՝ շատ հանգիստ, և պիտի ասեմ, որ Ինդոնեզիայում, իրոք, մեծամասնության մասին չեմ կարող ասել, բայց հատուկ հարգանք կա կանանց նկատմամբ, իրենք կին նախագահ են ունեցել, ի տարբերություն շատ ավելի այլ մշակույթ կրող պետությունների։ Համարյա 4․5 տարի ամեն օր սովորել եմ։
Երբ խոսում ենք սկանդինավյան երկրների մասին, առաջին ասոցիացիաներից մեկը, իհարկե, «երջանկության» մասին միջազգային վիճակագրություններն են, որտեղ նրանք տարիներ շարունակ առաջատար դիրքերում են։ Աննա Աղաջանյանից ճշտել եմ, թե որքանով է այդ երջանկությունը համապատասխանում իրականությանը։

-Երջանկության մասին շատ բան չեմ կարող ասել, երջանկության հարցումներն էլ, եթե նայեք, հատուկ հարցերի հիման վրա է ստեղծվում, ոչ թե, օրինակ՝ դու առավոտը զարթնում ես երջանիկ, թե՝ ոչ։ Եվ այո՛, մարդն այս մի բանից կարող է գոհ լինել։ Հիմա երջանիկ է, թե՝ ոչ, ես չգիտեմ, այս պահին գուցե հունական ինչ-որ մի կղզում ոչ շատ բարեկեցիկ կյանքով ապրող մարդը՝ իր գինին ձեռքը, ավելի երջանիկ է։
Եվ այնուամենայնիվ, ո՞ր հատկանիշներն են սկանդինավյան երկրները այդքան «ճիշտ» դարձնում։
-Հատկապես Դանիայի, Շվեդիայի և Նորվեգիայի դեպքում՝ վստահությունը միմյանց նկատմամբ։ Այս հասարակությունների գոյության հիմքը վստահությունն է, պետությունը վստահում է անհատին, անհատը վստահում է պետությանը, կազմակերպությունը վստահում է բանկին, բանկը վստահում է կազմակերպությանը։ Վստահությունը, իսկապես, իրենց գաղափարախոսության, կյանքի, ամեն ինչի հիմքում է, և դա իրական է։ Եվ համակարգի հանդեպ հարգանքը՝ 2 ամիս է՝ Դանիան չունի կառավարություն, որը Դանիայի համար մշակութային, պատմական, քաղաքական շոկ է։ Ընտրություններից հետո չեն կարողանում ստեղծել կոալիցիոն կառավարություն, չի ստացվում, չի եղել պատմության մեջ այսպիսի բան։ Բայց համակարգը դրանից չի փլուզվում։
Դիվանագիտությունը պահանջում է լայն մտածողություն, ներքին հավասարակշռություն, համբերություն և պատրաստակամություն՝ մշտապես սովորելու ու հարմարվելու տարբեր մշակույթների, մարդկանց ու իրավիճակների հետ։
Ինչի՞ պետք է պատրաստ լինեն այն երիտասարդները, որոնք որոշել են իրենց կյանքի գլխավոր ընտրությունը դարձնել դիվանագիտությունը։
-Շատ եմ լսում երիտասարդներից՝ ուզում եմ դառնալ դիվանագետ, դառնալ դեսպան, բայց հարց՝ դու պատրա՞ստ ես նրան, որ դու կյանքի մեծ մասը անցկացնելու ես տնից հեռու, վարձված բնակարաններում, ուրիշի կահույքով, որ քո ընտանիքը միշտ լինելու է տնավեր, ինչպես ասում են, որ քո երեխաները երեք-չորս տարին մեկ դպրոց են փոխելու, հասարակություն են փոխելու, ընկերներ են փոխելու։ Կողքից շատ հետաքրքիր է՝ ինչքա՜ն տեղ ես ապրում, բայց էդքան տեղ ապրելով՝ դու երբեք տանը չես, երբեմն գալիս ես Հայաստան, այո՛, դու քո տանն ես, բայց ես ունեմ այսօր արկղ, որը չեմ բացել Նյու Յորքից, որտեղից ես վերադարձել եմ 2000 թ․-ին։ Ժամանակավորի կարգավիճակը ինչ-որ մի պահի հասկանում ես, որ կյանքի ձև է դարձել։ Իմ ամուսինը այսօր եկել է այստեղ տանից է աշխատում, այս հնարավորությունը, կար, բայց Ինդոնեզիան մեծ պրոբլեմ էր մեզ համար, որովհետև Ինդոնեզիայի օրենքը արգելում է դիվանագետի կին կամ ամուսին, որը երկիր է մտել որպես դիվանագետի կին կամ ամուսին, աշխատի։ Մարդը 2 տարի տանը նստած էր, 2 տարի հետո վերադարձավ աշխատանքի։