«Ռոսպոտրեբնադզորը» խախտումներ հայտնաբերելուց հետո կասեցրել է Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակների իրացումը, հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Կարգավորողի տվյալներով՝ ՌԴ-ում սահմանված պահանջներին չի համապատասխանում «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի, «Աբովյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի և «Շահնազարյան գինու-կոնյակի տուն» ՍՊԸ-ի արտադրանքը։
Կասեցված ապրանքների ցուցակում ներառվել են «Վեդի-Ալկո» ՓԲԸ-ի արտադրած «Գետափ Վերնաշեն» կիսաքաղցր կարմիր գինին և «Խարջի», «Լեգենդներ Arni» չոր սպիտակ գինին։ Խախտումներ են հայտնաբերվել նաև Աբովյանի կոնյակի գործարանի արտադրության հնգամյա «Հայկական կոնյակ 5 աստղ» և «Շահնազարյան ХО» 7-ամյա հնեցված կոնյակների մեջ։
Գերատեսչությունը առևտրային կազմակերպություններին և ներմուծողներին տեղեկատվություն է ուղարկել նշված արտադրանքի իրացման կասեցման և այն շրջանառությունից հանելու անհրաժեշտության մասին։
«Ռոսպոտրեբնադզորը» 2025 թվականի հուլիսին հայտնել էր Հայաստանից ներկրված ալկոհոլային արտադրանքի առանձին խմբաքանակներում խախտումների հայտնաբերման մասին։ Այն ժամանակ գերատեսչությունը հայտարարում էր արտադրանքի մի մասի՝ տեխնիկական կանոնակարգերի և սանիտարական օրենսդրության պահանջներին չհամապատասխանելու մասին։
Կարդացեք նաև՝
