Շվեյցարիայի կառավարությունը հանրաքվեի է ներկայացրել նախաձեռնություն, որը կոչ է անում մինչև 2050 թվականը երկրի մշտական բնակչության 10 մլն սահմանաչափ սահմանել: Շվեյցարիայի կառավարության պաշտոնական կայքի համաձայն՝ այսպես կոչված «Նախաձեռնություն 10 միլիոնի դեմ» քվեարկությունը տեղի կունենա հունիսի 14-ին:
Նշվում է, որ 2025 թվականի վերջին Շվեյցարիայի բնակչությունը կազմել է մոտ 9,1 մլն: 2002 թվականին տեղաշարժի ազատության ներդրումից ի վեր բնակչությունն աճել է մոտ 1,7 մլն-ով՝ հիմնականում ներգաղթյալների շնորհիվ: Եթե 10 մլնի շեմը գերազանցվի, Շվեյցարիան ստիպված կլինի երկու տարվա ընթացքում խզել ԵՄ-ի հետ անձանց ազատ տեղաշարժի վերաբերյալ իր համաձայնագիրը, ինչը նաև անվավեր կդարձնի Երկկողմանի համաձայնագրեր I-ի շրջանակներում կնքված մյուս համաձայնագրերը:
Ավելին, Շվեյցարիայի մասնակցությունը Շենգենյան և Դուբլինյան համաձայնագրերին կասկածի տակ կդրվի՝ վտանգելով անվտանգության և ապաստանի հարցերում համագործակցությունը: Դաշնային խորհուրդը և խորհրդարանը նախկինում մերժել էին այս նախաձեռնությունը՝ այն համարելով տնտեսության համար վնասակար։
Շվեյցարիայի կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր անշարժ գույք ձեռք բերող օտարերկրացիների համար կանոնները խստացնելու մտադրության մասին: Հրապարակված նախագծի համաձայն՝ Եվրոպական Միությունից և Եվրոպական ազատ առևտրի ասոցիացիայից (EFTA) դուրս գտնվող երկրների քաղաքացիները պարտավոր կլինեն ստանալ հատուկ թույլտվություն ցանկացած տուն, այդ թվում՝ իրենց հիմնական բնակության վայր գնելու համար: Ներկայումս այս պահանջը հիմնականում վերաբերում է երկրորդական տներին և առևտրային անշարժ գույքին:
