Ռուսաստանի նախագահի Չինաստան այցի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ
-Միացյալ Նահանգների նախագահի՝ Չինաստան կատարած այցից անմիջապես հետո Ռուսաստանի նախագահի ժամանումը Պեկին ի՞նչ է հուշում։
– Առաջին տպավորությամբ թվում է, թե գլխավոր հարցը Վաշինգտոնի և Պեկինի միջև ձեռք բերված կամ չկայացած պայմանավորվածություններն են։ Սակայն իրականում խնդիրը շատ ավելի լայն է։ Այցերի ժամանակացույցը նախապես համաձայնեցված էր, թեև դրանց հաջորդականությունը քաղաքական տարբեր մեկնաբանությունների տեղիք է տալիս։
– Այսինքն՝ այստեղ հիմնականը ոչ թե այցերի համընկնումն է, այլ Չինաստանի դե՞րը։
-Ճիշտ այդպես։ Այն հանգամանքը, որ երկու գերտերությունների ղեկավարներն էլ այցելում են Պեկին, ցույց է տալիս, որ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Չինաստանը ստանձնում է համընդհանուր միջնորդի դեր։ Պեկինը փորձում է հավասարակշռել հարաբերությունները թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի հետ։
– Իսկ ի՞նչ նպատակով է Մոսկվան այս փուլում ակտիվացրել հարաբերությունները Պեկինի հետ։
-Գլխավոր հարցերից մեկը «Սիբիրի ուժ 2» գազատարի նախագիծն է։ Ռուսաստանը ցանկանում է արագացնել դրա իրականացումը և համակարգել աշխատանքները Չինաստանի հետ։ Էներգետիկ այս նոր ուղին Մոսկվայի համար ռազմավարական նշանակություն ունի, հատկապես այն պայմաններում, երբ ռուսական էներգակիրների արտահանումը բախվում է լուրջ սահմանափակումների։
-Կարելի՞ է ասել, որ Ռուսաստանը շտապում է։
– Այո, ռուսական շտապողականությունը ակնհայտ է։ Մոսկվան «Սիբիրի ուժ 2»-ը դիտարկում է որպես ապամեկուսացման կարևոր միջոց։ Սակայն հարցն այն է, թե որքան արագ է Չինաստանը պատրաստ արձագանքել այդ նախաձեռնությանը։
-Իսկ Չինաստանի դիրքորոշո՞ւմը։
-Պեկինը զգուշավոր է։ Թեև նախագիծը տեղավորվում է ռուս-չինական ռազմավարական գործընկերության շրջանակում, Չինաստանը չի ցանկանում կորցնել իր հավասարակշռող կարգավիճակը։ Նա շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ, բայց միաժամանակ բաց է պահում կապերը Միացյալ Նահանգների հետ։
– Այս համատեքստում ինչպե՞ս պետք է հասկանալ Հորմուզի շուրջ զարգացումները։
-Ամերիկյան և չինական կողմերը համաձայնություն են հայտնել Հորմուզի ամբողջական վերաբացման հարցում։ Սա կարևոր է Չինաստանի համար, քանի որ այն իրանական էներգակիրների հիմնական գնորդներից է։ Իրանի նավթարդյունաբերության սահմանափակումը մտահոգում էր Պեկինին։
– Իսկ Ռուսաստա՞նը։
– Մոսկվան որոշակի շահեր ուներ Հորմուզի լարված իրավիճակից։ Փակ կամ անկայուն միջավայրում Ռուսաստանը կարողանում էր որոշ արտոնյալ պայմաններով շարունակել էներգակիրների արտահանումը և մեղմել իր մեկուսացումը։
-Կրեմլը հայտարարել է, որ «Սիբիրի ուժ 2»-ի իրականացման հստակ ժամկետներ դեռ չկան։ Սա ինչի՞ մասին է խոսում։
-Եթե ընդունենք, որ այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, ապա կարելի է եզրակացնել, որ Չինաստանը դեռ չի շտապում վերջնական համաձայնությունների հարցում։ Այսինքն՝ ռուսական արագությունը չի հանդիպել համարժեք չինական արձագանքի։
-Այս ամենը կապ ունի՞ նաև Թրամփի վերջին հայտարարությունների հետ Իրանի մասին։
-Այո։ Չինաստան այցից հետո Թրամփի հայտարարությունները, թե Իրանի շուրջ բանակցությունները շատ դրական փուլում են, պետք է դիտարկել նույն ընդհանուր գործընթացի շրջանակում։ Տպավորություն է ստեղծվում, որ խոշոր ուժերը փորձում են փոխադարձ պայմանավորվածությունների նոր համակարգ ձևավորել։
-Իսկ Եվրոպայի վարքագիծը ինչպե՞ս եք գնահատում։
-Հատկանշական է, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահների՝ Չինաստան կատարած այցերից հետո Եվրամիությունը ևս պատրաստակամություն է հայտնում Մոսկվայի հետ վերաբանակցելու հարցում։ Ավելին՝ Վաշինգտոնն էլ դրական է արձագանքում զուգահեռ բանակցությունների գաղափարին։