Երրորդ երկրներից ՀՀ անձնական ապրանքների ներմուծման չափաքանակ կսահմանվի

Կառավարությունը սահմանել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից առանց մաքսատուրքերի և հարկերի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման չափաքանակ։ Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 21-ի նիստում։

Ըստ նախագծի՝ ներկայումս ԵՏՄ մաքսային տարածքում առկա են միայն ծխախոտի և ալկոհոլային խմիչքների չափաքանակ, իսկ մյուս ապրանքատեսակների համար գործում են ընդհանուր արժեքային և քաշային շեմեր (օդային տրանսպորտով՝ մինչև 10 000 եվրո և 50 կգ, իսկ ցամաքայինով կամ հետիոտնային կարգով՝ մինչև 200 եվրո և 10 կգ):

Նոր կարգավորմամբ կառավարությունը կհաստատի ապրանքների կոնկրետ ցանկ, որով կսահմանվի՝ որ ապրանքատեսակից ինչ քանակով է թույլատրվում ներմուծել Հայաստան առանց հարկման: Չափաքանակները սահմանելիս հաշվի են առնվել նվազագույն 10 կգ և առավելագույն 51 կգ քաշի շեմերը, իսկ հատով կամ այլ միավորներով հաշվարկվող ապրանքների դեպքում հիմք է ընդունվել ողջամտությունն ու նախկին փորձառությունը, նշված է նախագծում։

Սահմանված քանակները գերազանցող ապրանքները ենթակա կլինեն հայտարարագրման, և քաղաքացիները ստիպված կլինեն դրանց դիմաց վճարել մաքսատուրքեր ու հարկեր՝ ֆիզիկական անձանց համար սահմանված դրույքաչափերով:

Մեկ այլ որոշմամբ՝ ՊԵԿ-ը ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներ է սահմանել։

Նոր նախագծով նախատեսվում է հստակեցնել ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու պարտավորությանն առնչվող նորմերը և կոնկրետացվելու է ապրանքների ցանկը, որոնց ներմուծումը Հայաստան կարգավորվում է բացառապես ներպետական օրենսդրությամբ և կառավարության որոշումներով սահմանված հատուկ կարգերով։

Leave a Comment