Բելառուսում մեկնարկել են միջուկային զենքի մարտական կիրառման վարժանքներ՝ ռուս զինվորականների մասնակցությամբ։ Ուկրաինան միջազգային գործընկերներին կոչ է անում կոշտ արձագանքել։
Մարզումների մեկնարկի մասին երկուշաբթի օրը հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։
Բելառուսի ռազմական գերատեսչության հայտարարության համաձայն՝ վարժանքների նպատակն է անձնակազմի պատրաստումը, ռազմական տեխնիկայի պատրաստվածության ստուգումը և չնախատեսված շրջաններից զենքի կիրառման մարզումը։
«Միջոցառման անցկացման համար ներգրավվում են հրթիռային զորքերի և ավիացիայի զորամասերը։ Մարզումների ընթացքում՝ ռուսական կողմի հետ փոխգործակցությամբ, նախատեսվում է մշակել միջուկային զինամթերքի տեղափոխման և դրանք կիրառման պատրաստելու հարցերը»,- ասված է գերատեսչության տելեգրամյան հաղորդագրության մեջ։
Բելառուսի ՊՆ-ից հավելում են, որ զինվորականները ցանկանում են ստուգել «Բելառուսի ողջ տարածքում չնախապատրաստված շրջաններից» մարտական կիրառման առաջադրանքների կատարման պատրաստվածությունը։
«Հիմնական շեշտը դրվելու է գաղտնիության, մեծ հեռավորությունների վրա տեղաշարժվելու, ինչպես նաև ուժերի և միջոցների կիրառման համար հաշվարկներ կատարելու հարցերի մշակման վրա»,- նշված է հաղորդագրության մեջ։
Բելառուսի պաշտպանական գերատեսչությունում ընդգծել են, որ սա պլանային միջոցառում է, որը «ուղղված չէ երրորդ երկրների դեմ և վտանգ չի ներկայացնում տարածաշրջանի անվտանգության համար»։
Ուկրաինան Բելառուսում մարտավարական միջուկային զենքի տեղակայումը և «երկու դիկտատուրաների» համատեղ միջուկային վարժանքները որակել է որպես աննախադեպ մարտահրավեր գլոբալ անվտանգությանը։
«ՆԱՏՕ-ի սահմանների մոտ Բելառուսը վերածելով միջուկային հենադաշտի՝ Կրեմլը դե ֆակտո օրինականացնում է միջուկային զենքի տարածումն աշխարհում»,- ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ։
