Եվրամիության ծրագիրը՝ կիսով չափ կրճատել պողպատի ներմուծումը, կհանգեցնի նրան, որ Ուկրաինան կկորցնի մինչև 1 մլրդ եվրո արտահանման հասույթ, ինչը կենսական նշանակություն ունեցող եկամուտ է երկրի համար։ Այս մասին հայտնում է Financial Times (FT) թերթը։
Բրյուսելը հայտարարել է հուլիսի 1-ից պողպատի ներմուծման քվոտան 47%-ով կրճատելու և ցանկացած լրացուցիչ ներմուծման համար 50 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու մասին։ Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինայի համար սահմանել ընդամենը 713 հազար տոննա անմաքս քվոտա։ Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Կիևը ԵՄ-ին վաճառել է 2,65 մլն տոննա պողպատ։ Ընդ որում, ԵՄ-ն Ուկրաինայի համար հիմնական արտահանման շուկան է։ Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ նման կտրուկ կրճատումը (2025 թվականի համեմատ 70%-ով) Կիևի համար կարող է արժենալ 1 մլրդ եվրոյի կորցված արտահանման հասույթ։
Ուկրաինական պողպատի առաջատար արտադրողը նախազգուշացրել է, որ Եվրամիության այս քայլը կզրկի Կիևին կենսականորեն կարևոր արտահանման եկամուտներից։ «Նրանք ամբողջությամբ կոչնչացնեն ուկրաինական ընկերությունների՝ եվրոպական շուկա արտադրանք մատակարարելու որևէ հնարավորություն», – հայտարարել է «Մետինվեստ»-ի գործադիր տնօրեն Ալեքսանդր Վոդովոզը։ Այս պողպատաձուլական և լեռնարդյունահանող ընկերությանն է բաժին ընկնում Ուկրաինայից ԵՄ պողպատի արտահանման ավելի քան կեսը։
Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոնների համաձայն՝ կրճատված քվոտան կկիրառվի ԵՄ բոլոր առևտրային գործընկերների նկատմամբ, ներառյալ այնպիսի երկրների, ինչպիսին Ուկրաինան է, որն ազատ առևտրի համաձայնագրեր ունի դաշինքի հետ: Այս միջոցառումը համաձայնեցվել էր այս տարվա սկզբին՝ Ֆրանսիայի, Իսպանիայի և Լեհաստանի գլխավորությամբ անդամ երկրների ճնշումից հետո, որպեսզի արձագանք տրվի Չինաստանում գերարտադրության հետևանքով առաջացած արտադրանքի ավելցուկին։
Ինչպես պնդում են ուկրաինացի պաշտոնյաները, քվոտայի կրճատումը կլինի ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի խախտում, որը չի նախատեսում որևէ մաքսատուրք: Հանձնաժողովը հայտարարել է, որ Բրյուսելը «հաշվի կառնի Ուկրաինայում ստեղծված բարդ իրավիճակը», և երկիրը կստանա հատուկ քվոտա, «թեև ավելի ցածր մակարդակով, քան նախորդ տարիներին»։ Ուկրաինան նաև չունի անմիջական այլընտրանքային գնորդներ, նշել է Վոդովոզը։ «Մենք դիտարկում ենք տարբեր շուկաներ, սակայն այդ շուկաներում կան Ռուսաստանը և Թուրքիան, և նրանց մոտ էլեկտրաէներգիան 10 անգամ ավելի էժան է, քան մեզ մոտ», – ասել է նա։
