200 միլիոն դիտումներն էլ, «ուրախ» ավտոբուսն էլ, խաշլամեն էլ, բուկլետ քարտեզներն էլ ունեն ընդամենը մեկ նպատակ՝ լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները

Փաշինյանը երեկ իրեն բնորոշ խիստ արհեստածին ոգևորությամբ մեզ տեղեկացրեց, որ իր էջի դիտումները վերջին մեկ ամսվա ընթացքում գերազանցել է 200 միլիոնը: Մի կողմ դնենք էն փաստը, որ դա նշանակում է, որ աշխարհի բոլոր հայերը նորածիններից մինչև մահամերձ ծերունիներ ամեն աստծո օր դիտում են Փաշինյանի բոլոր նյութերը: Ենթադրենք դա այդպես է ու նրա՝ «ես անհայրենիք գեղցի չաթլախ եմ» շոուն իրոք տենց պահանջարկ է վայելում: Միևնույն է հարց է առաջանում՝ և՞…

Ի՞նչ ա նշանակում էդ դիտումները, որ իրենց սիրու՞մ են: Եթե սիրեին, նա ստիպված չէր լինի պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին: Եթե սիրեին, նա ստիպված չէր լինի ադմինիստրատիվ ռեսուրսով մարդկանց ոչխարի պես քշեր իր թատերական ներկայացումներին, որոնցից արդեն իր ամենամտերիմների հոգնածությունն է դժվար թաքցվում:

Ասեմ ավելին, եթե օրինակ հենց վաղն առավոտ մենք արթնանանք ու տեսնենք, որ Հ1-ով մի, օրինակ ԱԱԾ-ի անդեմ ու անհայտ փոխգնդապետ թղթից կարդում է հայտարարություն, որում ասված է, որ Փաշինյանն ու իր խմբակը ձերբակալված են, ըստ ձեզ, ի՞նչ կլինի Հայաստանի ներսում: Ըստ իս՝ ոչ մի բան: Բառիս բուն իմաստով ոչ մի բան տեղի չի ունենա: Էդ 200 միլիոն դիտողներից և ոչ մեկ դուրս չի գալու փողոց, պահանջի ազատ արձակել սիրելի վարչապետին: Իրա առաջ սեղան գցող, հետը նկարվող, գրկող, պաչող կազմից և ոչ մեկ մատը մատին չի խփելու: Ու բոլորը սա գիտեն: Բոլորը հասկանում են նաև, որ միակ մարդը, ով կարող է ինչ-որ գործողության դիմել՝ Ալիևն է:

Ալիևը ոչ թե գլխավոր, այլ միակ զսպող գործոնն է Հայաստանի ներսում: Չլիներ Ալիևը Նիկոլ իսկզբանե չէր էլ լինի: Իշխանության գալուց հետո էլ Փաշինյանը Ալիևին տվել է Հայաստանի կառավարման բոլոր բանալիները՝ հանձնելով Արցախը, ու բոլոր ռազմավարական դիրքերը Սյունիքում, Վայքում, Գեղարքունիքում և Տավուշում: Սահմանի անպաշտպանությունը Փաշինյանի անվտանգության միակ երաշխիքն է: Սա նույնպես բոլորը գիտեն՝ ԱԱԾ գնդապետից սկսած, ընդդիմադիրներով վերջացրած: Սա գիտեն նաև աշխարհաքաղաքական խաղացողները: ՌԴ-ն էլ, ԵՄ-ն էլ, ԱՄՆ-ն էլ, Թուրքիան ու Իրանն էլ գիտեն, որ Փաշինյանին իշխանազրկելը հղի է Ալիևի ռազմական ներխուժմամբ Հայաստան, որի հետևանքով նա էլ ավելի կհաբրգի միջազգային թատերաբեմում:

Այս ամենը հաշվի առնելով՝ բոլորին, բացի Ալիևից ու Փաշինյանից, պետք է մեկ բան՝ հնարավորինս նվազեցնել Փաշինյանի լեգիտիմությունը, բայց՝ չիշխանազրկել: ՌԴ-ն դա իր (հիմնականում տնտեսական) գործիքներով է անում, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն՝ իրենց զեկույցներով, Թուրքիան՝ իր գործիքակազմով…

200 միլիոն դիտումներն էլ, «ուրախ» ավտոբուսն էլ, խաշլամեն էլ, բուկլետ քարտեզներն էլ ունեն ընդամենը մեկ նպատակ՝ լեգիտիմացնել ընտրությունների արդյունքները: Ստեղծել իրականության պատրանք, որ եթե հանկարծ ինչ-որ միջազգային կառույց բռնի ու ակնարկի, որ ընտրությունները ժողովրդավար չէին, նա բերի, դեմ տա իր դիտումները, սելֆիները, վերջիվերջո խաշլամեն…

Կասեք, որ սա հեռանկարում չաշխատող բան է ու ճիշտ կլինեք, բայց ինքը վաղուց հեռանկարի մասին չի մտածում: Նրանք բոլորը ապրում են մեկ օրով: Եթե վաղը նա չի արթնացել բանտախցում, ուրեմն այդ օրը համարվում է հաջողված, իսկ ինչ կլինի մյուս օրը, դեռ կերևա… համենայնդեպս դեռ լիքը հանձնելու բան կա:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment