Միջադեպ Գյումրիում ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև


Հասարակություն


Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով  (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է  Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին  տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի հետ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Այդ ժամանակ՝ 2024 թվականի նոյեմբերի 16-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում հայր ու որդու միջև տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ խուլիգանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ 

3 օր առաջ՝ մայիսի 5-ին ոստիկանության Կումայրի բաժինը ստացել է ինչպես քրեական վարույթ նախաձեռնելու արձանագրությունը, այնպես էլ  դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որով պարզ է դառնում, որ որդին՝ Պ․ Գևորգյանը «ձախ այտային և աջ դաստակի երրորդ մատի շրջանների քերծվածք» մարմնական վնասվածքը ստացել է բութ առարկաների առնվազն երկու ներգործությամբ։ Դատաբժշկական եզրակացության մեջ նաև գրված է,  որ  «ձախ նախաբազկի շրջանի արյունազեղում» ախտորոշմամբ մարմնական վնասվածքներ է ստացել  նաև Պ․Գևորգյանի մայրը, ինչը հետևանք է  բութ առարկաների առնվազն երկու ներգործության։

Փաստի առթիվ  Շիրակի մարզային քննչական վարչությունում  նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «Ֆիզիկական ներգործությունը» հոդվածով։  

Աղբյուրը նշում է, որ Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» սեփականատերը վերջերս հայտնվել էր օգտատերերի քննադատության թիրախում․ այստեղ հյուրընկալել էին  ռուսաստանաբնակ ադրբեջանցիներ Ահմենդով եղբայրներին՝ Ռովշենին և Իլհամին, որոնք իրենց տանտիրոջ պես էին պահել, բարձր տրամադրությամբ կերուխում արել , ադրբեջաներենով ինչ-որ բաներ ասել ու  այս ամենը նկարահանել։

Վերադառնալուն պես՝ հրապարակայնացրել էին նրանց այցի մասին պատմող տեսանյութը, որի տակ բառացիորեն գրված էր․ «Հայրենիք, սպասիր, մենք կգանք։ Ահմենդով եղբայրները՝ Ռովշենը և Իլհամը՝ Հայաստանում սրճարանում։ Հարազատ վայրեր տեսնելը, այնտեղ շրջելը, նրա օդը շնչելը կյանքի հրաշքն է։ Մեր սիրտը կարոտից ցավում է, ՀԱՅՐԵՆԻՔ»։ 


Leave a Comment