Բաքուն «Լեռնային Ղարաբաղի» քարտեզի համար պարզաբանումներ է պահանջում Մոսկվայից

Ադրբեջանի արտգործնախարարությունը դժգոհություն է հայտնել ռուսական «Առաջին ալիք»-ի եթերում ցուցադրված քարտեզի պատճառով՝ այն որակելով «սադրանք» և «քաղաքական մանիպուլյացիա», հայտնում են ադրբեջանական լրտվամիջոցները։ 

Խոսքը վերաբերում է Время покажет հաղորդման ընթացքում ցուցադրված քարտեզին, որտեղ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Պաշտոնական Բաքուն դա համարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտում և պահանջել է Մոսկվայից պարզաբանումներ։

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ եթերում ցուցադրված «խեղաթյուրված քարտեզը» և «այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղ» ձևակերպումը «լուրջ սադրանք և անթույլատրելի քաղաքական մանիպուլյացիա» են։

Բաքուն ընդգծել է, որ Ադրբեջանի «ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը լիովին վերականգնվել են և ճանաչված են միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից»։

Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ սպասում է պաշտոնական պարզաբանումների ռուսական կողմից, ինչպես նաև քայլերի՝ ապագայում նման դեպքերը բացառելու համար։

Սա վերջին շրջանում առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը կոշտ արձագանք է տալիս ռուսական մեդիա տիրույթում «Լեռնային Ղարաբաղ» անվանման օգտագործմանը կամ թեմային առնչվող ձևակերպումներին։

Leave a Comment