Հայաստանում մեկնարկել է 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է 19 քաղաքական ուժի։
Մասնավորապես, ընտրություններին մասնակցելու համար գրանցվել են հետևյալ քաղաքական ուժերը.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
«Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
«Ուժեղ Հայաստան» դաշինք
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
Հայ ազգային կոնգրես կուսակցություն
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
«Հանրապետություն» կուսակցություն
«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
Ռեֆորմիստների կուսակցություն
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն։
Քաղաքական ուժերի մի մասն արդեն իսկ հրապարակել են մայիսի 8-ի քարոզարշավի ժամանակացույցը։
Մասնավորապես, ժամը 10:00-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը կմեկնարկի ԱԺ շենքի առջև, որտեղ տեղի կունենա կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը։ Իսկ երեկոյան 19։00-ին՝ Հաղթանակի զբոսայգում (Մայր Հայաստան հուշարձանի մոտ) տեղի կունենա օրն ամփոփող հիմնական միջոցառումը։
Ժամը 11:00-ին «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակից /Բաղրամյան 1/ կուսակցության ներկայացուցիչները կմեկնեն Երասխ, որտեղից էլ կսկսեն իրենց քարոզարշավը։
Գոշավանքում ժամը 11:00-ին կմեկնարկի «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ներկայացուցիչները կլինեն նաև Իջևանում և հարակից Աչաջուր, Ազատամուտ գյուղերում։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մայիսի 8-ին և 9-ին քարոզարշավ կանցկացնի Սյունիքի մարզում։ Կուսակցության ներկայացուցիչները մայիսի 8-ին, ժամը 10։00 -ին կլինեն Գորայքում, 11։00 –ին՝ Անգեղակոթում, 12։00-ին՝ Բռնակոթում, 12։40-ին՝ Սիսիանում, 15։00-ին՝ Կոռնիձորում, 15։50-ին՝ Տեղում, 16։50-ին՝ Խնձորեսկում, 18։00-ին՝ Գորիսում, 19։ 30-ին՝ Շինուհայրում։
Մայիսի 9-ին, ժամը 12։00-ին ՔՊ ներկայացուցիչները կլինեն Ագարակում, 14։00-ին ՝Մեղրիում, 16։40-ին՝ Քաջարանում, 18։10-ին՝ Կապանում։ Ժամը 19։30-ին տեղի կունենա մեծ հավաք Կապանի Գ․ Նժդեհի հրապարակում։
Ռեֆորմիստների կուսակցությունը քարոզարշավը կսկսի նախընտրական ծրագրի պաշտոնական ներկայացմամբ։
Ազգային-ժողովրդավարական բևեռը նույնպես քարոզարշավը կսկսի ԱԺ-ի շենքի դիմաց՝ մամուլի ասուլիսի ձևաչափով։
«Հայաստան» դաշինքն էլ իր քարոզարշավը կսկսի ժամը 18:00-ից՝ Էջմիածնի «Անմար կրակի» հրապարակից։
Նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ին կլինի լռության օր, իսկ արդեն հունիսի 7-ին կկայանան ընտրությունները։