
ԵՎՐՈԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԲԱՆԱՁԵՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՇԱՐԺԱՌԻԹՆԵՐ-ի մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերուծաբան Շահան Գանտահարյանի հետ։
-Ի՞նչ հիմնական ուղղություններ ունի Եվրոպական խորհրդարանի «Աջակցություն Հայաստանի մեջ ժողովրդավարական դիմակայունությանը» բանաձևը։
– Բանաձևը ունի երեք առանցքային բաժին։ Առաջինը վերաբերում է Արցախի ժողովրդին։ Այն վերահաստատում է Եվրոպական խորհրդարանի անդամ պետությունների աջակցությունը Արցախի հայերի իրավունքներին՝ կապված նրանց ինքնության, սեփականության և մշակութային ժառանգության հետ, ինչպես նաև նրանց անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ վերադարձի իրավունքին՝ միջազգային երաշխիքներով։
-Ի՞նչ կոնկրետ պահանջներ և գնահատականներ են ներառված այս բաժնում։
-Բանաձևը կոչ է անում պատասխանատվության ենթարկել հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման համար պատասխանատուներին և իրականացնել միջազգային գնահատման առաքելություն։ Այն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների, պահվող անձանց և պատանդների անարդար կալանավորումը և պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։ Բացի այդ, կոչ է անում իրականացնել վստահության ամրապնդման լրացուցիչ քայլեր և լիարժեք հարգել միջազգային մարդասիրական իրավունքն ու մարդու իրավունքները։
– Կարո՞ղ ենք ասել, որ սա միայն քննադատական փաստաթուղթ է։
-Ոչ միայն։ Այստեղ կա ոչ միայն քննադատություն, այլ նաև հստակ դատապարտում՝ հատկապես մշակութային ցեղասպանության ուղղությամբ, և պահանջ՝ պատասխանատվության ենթարկելու, այսինքն՝ Ադրբեջանի գործողությունները քրեականացնելու։
– Ի՞նչ նշանակություն ունի այս բանաձևը, եթե այն պարտադիր ուժ չունի։
-Թեև Եվրոպական խորհրդարանը գործադիր իշխանություն չէ, այնուամենայնիվ սա համաեվրոպական քաղաքական դիրքորոշում է և ուղերձ՝ ուղղված ոչ միայն անդամ պետություններին, այլև արտաքին դերակատարներին։ Այդ ուղերձը արագ հասել է Բաքու, որտեղ որոշում է կայացվել դադարեցնել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ, և այդ առիթով ԵՄ դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ։
-Ի՞նչի է վերաբերում բանաձևի երկրորդ առանցքը։
-Երկրորդ բաժինը վերաբերում է Բրյուսել–Երևան համագործակցության խորացմանը։ Այն համընկնում է Երևանում անցկացվող ԵՄ քաղաքական և երկկողմ գագաթնաժողովների հետ։ Բանաձևը ողջունում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ստեղծումը և կոչ է անում ուժեղացնել աջակցությունը ռազմավարական հաղորդակցության, մեդիագրագիտության, կիբեռանվտանգության և առցանց հարթակների հետ համագործակցության ոլորտներում։
-Իսկ ի՞նչ է ընդգրկում երրորդ բաժինը։
– Երրորդ բաժինը վերաբերում է տարածաշրջանում Եվրոպայի ներկայության ամրապնդմանը և ռուսական գործոնի նկատմամբ տարվող քաղաքականությանը։ Թեև ուղղակիորեն չի նշվում, բայց ակնհայտ է, որ «ժողովրդավարական դիմակայունություն» ձևակերպումը ենթադրում է, որ ըստ ԵԽ-ի Երևանում կա պայքար ժողովրդավարության համար, և Եվրոպան աջակցում է այդ գործընթացին՝ հաշվի առնելով արտաքին սպառնալիքները։
– Ո՞ւմ է ուղղված «խառնածին սպառնալիքների» մասին ձևակերպումը։
– Բանաձևում բացահայտ նշվում է, որ այդ սպառնալիքները հատկապես գալիս են Ռուսաստանից։ Խոսքը վերաբերում է ապատեղեկատվական արշավներին, կիբեռհարձակումներին, ապօրինի քաղաքական ֆինանսավորմանը և ներքին դերակատարների միջոցով ազդեցության մեծացմանը։Ինչը կարծում եմ բանաձևի հիմնական շարժառիթներից է։Եվրոպական հայեցակետը սա է ամբողջ խնդրի վերաբերյալ, ինչը տեղավորվում է Արևմուտքի տարածաշրջանային քաղաքականության շրջանակում։