Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման շուրջ քննարկումն ԱՄՆ-ն անվանել է պատմական առաջընթաց։ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հրապարակման մեջ ձեռք բերված պայմանավորվածությունները կարևորվել են խաղաղ ու բարգավաճ Հարավային Կովկասի կերտման տեսանկյունից։
«Հայաստանի և Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է»,- նշել է դեսպանությունը։
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև «տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը» և համոզմունք հայտբել, որ այս իրադարձությունների համար հիմքեր էր նախապատրաստվել 2025 թվականի օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակում ապրիլի 28-ին Կարսում տեղի էր ունեցել համատեղ աշխատանքային խմբի հանդիպում, հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից։
Ըստ հրապարակման՝ կողմերն ընդգծել են երկաթգծի շուտափույթ գործարկման կարևորությունը՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում։
TRIPP տրանսպորտային երթուղի ստեղծելու մասին հռչակագիրը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն ԱՄՆ-ի միջնորդությամբ ստորագրել էին օգոստոսի 8-ին՝ Վաշինգտոնում: Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրել էին TRIPP նախագծի իրականացման մասին հռչակագիրը: Նախաձեռնության իրականացման համար կստեղծվի TRIPP զարգացման ընկերությունը, որտեղ բաժնետոմսերի 74%-ը կստանա ԱՄՆ-ն՝ նախնական ներդրումների դիմաց, իսկ 26%-ը՝ Հայաստանը: