Ադրբեջանը վառվեց Թուրքիայի դրոշի վրա

1in.am Երևանում Թուրքիայի դրոշը վառելու կապակցությամբ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը, որով Բաքուն Հայաստանի իշխանություններից պահանջում էր «կազմակերպիչների պատասխանատվության ենթարկել», հայաստանյան ընդդիմադր դաշտում և փորձագիտական որոշակի շրջանակներում, բնականաբար, բուռն արձագանքների, քննարկումների և եզրակացությունների տեղիք է տվել: Այդ շարքի ամենաուշագրավ դիտարկումն այն էր, որ Թուրքիան «Հայաստանը չի դիտարկում իր քաշին համապատասխան երկիր և նրա հետ հարաբերությունները վերապահել է Ադրբեջանին»:


 


Բաքվի իշխանական minval politika-ն արձանագրել է, որ թուրքական մամուլը Երեւանում Թուրքիայի դրոշի «անարգմանը» չի անդրադարձել: Լրատվամիջոցը «համեստություն է արել», թուրքական մամուլը «դրոշավառությանը» չի անդրադարձել, որովհետև Թուրքիայի ԱԳՆ-ն, ի տարբերություն Ադրբեջանի, պաշտոնական հայտարարություն չի արել: Իսկ ինչո՞ւ չի արել, կարելի է ենթադրել ադրբեջանական լրատվամիջոցի դիտարկումից, ըստ որի՝ Թուրքիայում, «երևի որոշակի խմբեր փորձում են հայ-ադրբեջանական հարաբերությունները հայ-թուրքականից առանձնացնել»:


 


Փորձագիտական տեսակետ է հնչել, որ խոսելով հայ-թուրքական հարաբերություններին Ադրբեջանի խոչընդոտելու մասին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «հանրային կարծիքը մանիպուլացնում» է: Բաքվի իշխանական լրատվամիջոցի վերոհիշյալ դիտարկումը վկայում է, որ Ալեն Սիմոնյանի մեկնաբանությունը ճիշտ է: Ավելին, կարելի է արձանագրել, որ Թուրքիայի իշխող վերնախավը մտահոգություններ ունի, և թուրք –ադրբեջանական հարաբերություններն ամենեւին էլ «անամպ» չեն:


 


Ադրբեջանի ԱԳՆ-ն, ըստ այդմ, ոչ այնքան Հայաստանի «դեմ պահանջ է դրել», որքան որ «ստուգել» է Թուրքիայի դիրքորոշումը: Առ այս պահը Անկարան Բաքվի «ուղղորդմանը» չի ենթարկվել: Թուրքիայի պետական արարողակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Ինչպես միշտ՝ նախագահը ուղերձով դիմել է Թուրքիայի հայ համայնքին, ընդգծել համերաշխության և խաղաղ համակեցության կարեւորությունը: Դա, անշուշտ, պատմա-քաղաքական իրողության խեղաթյուրում է, բայց Ադրբեջանի սադրանքի ֆոնին Անկարայի զսպվածությունը «ինչ-որ բան ասում» է:


 


Չափազանց կարևոր է, որ Ադրբեջանը փաստորեն թուրքական «դրոշի վրա վառվեց», ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի հետ խաղաղությունը ինստիտուցիոնալացնելու հարցում Բաքուն առնվազն «վերապահումներ ունի»: Դա ավելի անհանգստացնող է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Մանավանդ որ, դատելով ադրբեջանական իշխանամետ մամուլի հրապարակումներից, այդ դիրքորոշումը կապվում է Հայաստանում «ռևանշիստական ուժերի զանգվածային ակտիվացման հետ»:


 


Լուսանկարը՝ panorama.am-ի


 


 


Leave a Comment