«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմաբան, քաղաքագետ Գագիկ Համբարյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանի ձախողված ավտոերթի մասին. իրենք կարծես դիտավորյալ մի կողմից Գյումրի եկող մայրուղին փակել էին, և այնպիսի տպավորություն էր, որ դեպի Գյումրի գնացող բոլոր մեքենաները մասնակցում են իրենց ավտերթին։
- Ես ապրում եմ Գյումրիում, շատ լավ գիտեմ Գյումրու Վարդանանց հրապարակի չափերը, և այն, թե ինչքան մարդ այն կարող է տեղավորել։ ՔՊ-ականները այնպիսի ռակուրսներից էին տեսանյութեր հրապարակում, որ թվա՝ հրապարակը լեփ-լեցուն է։ Բայց ես փոքր տեսանյութ հրապարակեցի՝ իրականությունը ցույց տալու համար, և քայլիստ դավաճանաոհմակն ընկավ ցնցումների մեջ։ Նույն Փաշինյանի մասնակցությամբ Ֆեստիվառին՝ Թաթայի համերգի ժամանակ, Ռեինկարնացիայի համերգին, Սամվել Կարապետյանի կազմակերպած համերգին Վարդանանց հրապարակը լեցուն էր, բայց կիրակի օրը մինչև գորգի կեսն էր մարդ կանգնել։ Ինչի՞ եք հարձակվում վրաս, ինչի՞ց եք վիրավորվում, դուք լցրել էիք, ես ասացի՝ չէ՞։ 60%-ով էիք լցրել, ասում եմ՝ 60%-ով էր լիքը։ Մի բան հստակ է՝ Վարդանանց հրապարակը լցնելու հերթական փորձը ձախողվեց։
- Այն, ինչ տեղի ունեցավ, Նիկոլի համար հիստերիկանալու թեմա էր։ Առավոտից փակել էին հրապարակ մտնող ու դուրս եկող ճանապարհները, գիտեին՝ հրապարակը լիքն է լինելու, երթևեկությունն էլ խոչընդոտվելու է։ Չգիտեմ՝ ջղաձգումների մեջ ընկնելու հետևանքով պաշտոնանկություններ կլինե՞ն, թե՞ չէ, բայց փաստ է՝ հրապարակը կիսադատարկ էր։
- Իրենց հետ եկած մարդկանց մեծ մասին գյումրեցիները տեսել են ռեստորաններում։ Ենթադրաբար մտածել են՝ հրապարակում ասեղ գցելու տեղ չի լինելու, գնացել էին ման գալու։ Դուք ճիշտ հարցադրում արեցիք՝ իրենց ընտրողնե՞րն ուր էին։ Ռիժկովի փողոցում իրենց աջակից մի կին թատրոն էր կազմակերպել, Նիկոլից պահանջում էր տեր լինել խաղաղությանը։ Էդ կինը նախորդ ընտրություններում այլ մարդու էր սատարում։ Գյումրին Նիկոլ Անհողին հերթական ապտակը հասցրեց՝ իր բոլոր վայրագությունների համար, որ նա հասցրել էր Գյումրիին՝ սկսած Միքայել սրբազանի ձերբակալությունից՝ մինչև քաղաքապետի կալանավորում։
- Եկե՛ք չմոռանանք, որ վերջերս տարածված տեսանյութերն ադրբեջանցիների՝ Հայաստանում շրջագայությունների մասին, հրապարակված էին Շիրակի մարզից, որն իրենք իրենց հայրենիքն էին համարում։ Եթե մեր քաղաքացիները չգիտեն, ասեմ՝ Ադրբեջանում արդեն ավարտում են Հայաստան գալու ցանկություն հայտնող ադրբեջանցիների ցուցակագրումը, և, թե դրա համար ում ինչքան գումար են տալու։ Իսկ Նիկոլը երբեք չի բարձրաձայնել Բաքվի 250.000 հայերի, Գանձակի, Խանլարի, Սումգայիթի հայերի վերադարձի հարցը։ Այս մարդը հատուկ արցախահայերի վերադարձի հարցը կապում է այդ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի անօրինական պահանջի հետ։ Այն դեպքում, երբ ժամանակին Հայաստանը լքած ադրբեջանցիները Հայաստանի պետական բյուջեից ստացել են փոխհատուցում, և իրենք իրավունք չունեն փախստական կոչվել։ Բացի դրանից, Հայաստանի ադրբեջանցիների մեծ մասն իրենց տները ժամանակին վաճառել են՝ իրենց անշարժ ու շարժական գույքերի հետ միասին՝ ի տարբերություն մեր արցախցի հայրենակիցների։
- Գյուղական բնակավայրերում մարդիկ նայում են Հ1, ըստ որի՝ Հայաստանը Շվեյցարիա է։ Բացի դրանից, գյուղական բնակավայրերի մարդիկ նաև նիկոլական ժեխնյուզեր են նայում՝ Perfect TV-ի նման։ Այնտեղ չեն պատկերացնում՝ իրականությունն ինչպիսին է։ Նիկոլին ուղիղ պետք է հարց տալ՝ դու Ալիևին խոստացե՞լ ես ադրբեջանցիների վերադարձ, թե՞ ոչ։
- Նիկոլական կեղծ լրատվականների տարածած կեղծիքը, որ Ադրբեջանում չկա Հայաստան վերադարձի խոսույթ, չի համապատասխանում իրականությանը։ Անձամբ Ալիևի ընտանիքի անդամներն են ներգրավված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի պրոպագանդային։
- ТRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքն է»։ Դա իրագործվելու դեպքում մենք այդ ճանապարհը չենք վերահսկելու։ Ողջ աշխարհում սահմանային անցակետերում տվյալ երկրի սահմանապահներն են կանգնում, և միայն Հայաստանում է Նիկոլը մարդկանց էշի տեղ դնում։
- Շիշ բռնող մականունով քայլիստ պատգամավոր Հայկ Սարգսյանը Պաշտպանության հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր Անդրանիկ Քոչարյանը, ՔՊ-ին բացահայտ մեղադրեց հայկական բանակը թուլացնելու մեջ։
- Ադրբեջանի 5 շանտաժներից 4-ը Նիկոլը կատարել է, մնացել է վերջինը՝ Հայաստանը թուրքերով լցնելը։ Աստված մի արասցե, եթե վերընտրվեց, առաջին բանը որ նա անելու է, ադրբեջանցիներին այստեղ բերելն է՝ այդպիսով շնորհակալություն հայտնելով Ալիևին իրեն աջակցելու համար։
- Ադրբեջանը չի կրակում սահմանին, որովհետև իրեն օդուջրի նման պետք է Նիկոլի իշխանության վերարտադրությունը։ Նիկոլից թուրք չկա։ Նա ավելի թուրք է, քան Ադրբեջանի բոլոր 3 նախագահները միասին վերցրած։ Անգամ Ալիևի բեղերն են ցցվել։ Հեյդար Ալիևը հիմա դագաղի մեջ շուռ է եկել։ Այսինքն՝ Ադրբեջանի 4 նախագահները, Իլհամն էլ՝ հետը, բանակցում էին ու չէին հասկանում, որ Արցախը վաղուց նախկինները տվե՞լ են, ու պիտի գար մի հատ Նիկոլ, որ ասեր՝ չե՞ք հասկանում, տվել են, վերցրե՛ք։
- Ես ի սկզբանե չէի հավատացել էդ թատրոնին, որ Նիկոլն ու Աննան բաժանվել են, բայց չհասկացա՝ ինչու էր հետը Գյումրի բերել։
- Մեր հասարակությունը սիրում է երրորդական իրադարձությունների վրա սևեռվել՝ կարևորը թողնելով։ Դրան են միտված Նիկոլենց բոլոր գործողությունները։ Իսկ կարևորն այն էր, որ Սեյրան Օհանյանն ԱԺ ամբիոնից Նիկոլին ուղիղ մեղադրեց Արցախը հանձնելու, Շուշին ադրբեջանցիներին տալու համար։ Արցախի ՊԲ-ն Հադրութ-ֆիզուլի-Ջաբրայիլ ուղղության համար պատասխանատու չի եղել, դրա պատասխանատուն եղել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի և Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ։ Դրանից նստած տեղը Նիկոլն ընկավ հիստերիայի մեջ՝ ոտքերն էր շարժում, մատներն էր սեղմում, ակնոցը սկսեց հանել-դնել… Հետո շատ շուտ իրեն գտավ, հասարակությանն անվանեց շուն ու շանգյալ, ու մարդիկ սևեռվեցին դրա վրա։ Եթե անցնող 5 տարիների ընթացքում Օնիկ Գասպարյանին մեղադրանք չի ներկայացվել, նշանակում է՝ նա վախ ունի Օնիկ Գասպարյանից, Օնիկ Գասպարյանն էլ՝ իրենից։
- Աննա Հակոբյանը Գյումրիում առանձնապես մարդամեջ դուրս չեկավ, սրճարանում էր նստած։
- Ընդդիմությունը պաշտպանվելու փոխարեն՝ պետք է հարձակվի, ցույց տա իշխանության տված ընտրակաշառքները։
- Շատ ուրախ եմ, որ թոշակները բարձրացել են, բայց թոշակառուներն ուրախանալուց առաջ թող մի հատ մտածեն՝ եթե թոշակները կարող էին բարձրացնել, ինչո՞ւ էր ամիսներ առաջ ԱԺ ամբիոնից կուրծք ծեծում ու ասում՝ փող չկա, հնարավոր չէ թոշակ բարձրացնել, թոշակառուն էդ թոշակն ի՞նչ պետք է անի, իր ինչի՞ն է պետք էդ փողը… Բա հասարակությունը չհարցնի՞՝ որտեղի՞ց քեզ էս գումարները, ո՞ւմ փողերով ես բարձրացրել։ Կարո՞ղ է՝ թուրք-ադրբեջանական տանդեմն է տվել, կամ նորից պարտք ես վերցրել։ Նորից նոր պարտքեր են վերցրել։ Ասֆալտի վրա ուրախանալուց առաջ թող իմանան՝ էդ պարտքերը մենք ու մեր սերունդներն ենք տալու։ Պետական բյուջեն սրանց կառավարման ընթացքում աճել է 5 միլիարդով, իսկ պետական պարտքը՝ 8 միլիարդով։
- Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում տրամադրությունները տարբեր են։ Մարդիկ կան՝ առաջնորդվում են իրենց նեղ անձնական շահերով։ Ես հույս ունեմ, որ ընտրություններին շատ մեծ քանակությամբ ընտրողներ կմասնակցեն։ Հատկապես երիտասարդներին եմ խնդրում անպայման գնալ ընտրության, որովհետև Նիկոլի էլեկտորատը հիմնականում տարեց մարդիկ են, ու հույս ունեմ՝ երիտասարդները պասիվ չեն լինի։ Սիրելի երիտասարդնե՛ր, գնացե՛ք և մասնակցե՛ք։ Գյումրիում ՔՊ-ն քաղաքապետի ընտրություններում չհաջողեց, որովհետև մասնակցությունն էր բարձր։
- Սարիկ Մինասյանն իր վարքագծով քաղաքական գործիչ չէ։ Ինքը չի հասկանում, որ քաղաքական գործիչը, ով ժամանակին քաղաքապետի պաշտոնակատար է եղել, ԱԺ պատգամավոր, պաշտոնյա է, փողոցային բառապաշարով մարդկանց հրապարակային հայհոյել չի կարելի։