Գաղտնիք չէ, որ Ապրելու երկիր կուսակցության ստեղծման նախաձեռնությունը գալիս է Ռուբեն Վարդանյանից, որն այսօր Բաքվում պատանդառված մեր հայրենակիցներից մեկն է: Սամվել Կարապետյանի դաշինքի եւ Ապրելու երկիր կուսակցության համաձայնության խորհրդանշականությունը, անշուշտ պայմանավորված չէ լոկ այդ հանգամանքով:
Կա ոչ պակաս էական եւ կարեւոր մի հանգամանք, լայն իմաստով կարեւոր: Փաստացի, Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը հայկական կապիտալի երկու խոշոր՝ միջազգային մասշտաբով խորոշ կրողներ են, որոնք հանձնառություն եւ ատասխանատվություն են ստանձնում հայկական պետականության հանդեպ, այդ պետականության ուղենշային զարգացման հեռանկարների հանդեպ:
Մեծ հաշվով էական չէ, թե ժամանակագրական առումով ինչպիսին է հաջորդականությունը եւ դրսեւորումների ձեւաչափայնությունը: Շատ էական է փաստն ինքնին, որն իմ սուբյեկտիվ գնահամամբ, կարող էր կայանալ շատ ավելի վաղ, բայց ինչ-ինչ զարգացումների բերումով մնաց «կիսատ»: Այդ ինչ-ինչ զարգացումները 2018-ի իրադարձություններն էին:
Իսկ ավելի վաղը՝ 2016-ի կառավարության փոփոխությունը, երբ Հայաստանում սեպտեմբերին վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Հայտնի է նրա գործընկերային սերտ հարաբերությունը Սամվել Կարապետյանի հետ: Իսկ Ռուբեն Վարդանյանը 2016-ին նրա նշանակումից հետո հրապարակեց հոդված, որում հստակ արտահայտվում էր, որ Կարապետյանի նշանակումով չհաջողելու պարագայում, Հայաստանը կարող է եւ չունենալ բեկման երկրորդ շանս: Մեծ հաշվով, հենց այդ ժամանակաշրջանում էր ձեւավորվում հայկական կապիտալի՝ հայկական պետականության հեռանկարի հանդեպ հանձնառության եւ պատասխանատվության բավականին նշանակալի միջավայր:
Ընդ որում, ես հիմա չէ, որ տալիս եմ դրա վերաբերյալ իմ գնահատականը: Ես իմ գնահատականը տվել եմ հենց այդ ժամանակ, որպես իրապես բեկում ապահովելու պատեհություն: Իհարկե հետագայում, կրկնեմ, իրադարձությունների զարգացումը գնաց հայտնի ուղղությամբ, որը ստեղծեց մեկ այլ հնարավորության պատեհություն ու տրամաբանություն, ինչը սակայն ավարտվեց ծանր պարտությամբ եւ կորուստներով:
Սամվել Կարապետյանի դաշինք-Ապրելու երկիր գործակցությունը ես որեւէ կերպ չեմ ուզում նույնացնել 2016-ի պատեհությանը, առավել եւս թողնել պատմության կրկնության տպավորություն: Բայց, հայ հանրությունն ունի նոր պատմության հնարավորություն, որի համատեքստում այսօր կայացած համաձայնությունը իսկապես համարում եմ նշանակալի եւ խորհրդանշական: Անկասկած է, որ այն բավարար չէ, բայց որոշակի շոշափելի սյուն է՝ ընդհանուր կառուցվածքը զարգացնելու համար:
Վերլուծաբան Հակոբ Բադալյան