Թուրքիան կառուցում է Զանգեզուրի միջանցքը



ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է Զանգեզուրի միջանցքի գործարկման ամսաթիվը։ Ըստ ծրագրի այն կգործարկվի հաջորդ հինգ տարիների ընթացքում։  Այդ մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է vestikavkaza.ru–ն։ Նա ընդգծել է, որ այդ միջանցքը կօգնի թեթևացնել Կասպից ծովի ավազանի խցանումը։

«Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի չորս-հինգ տարվա ընթացքում։ Դրա շահագործման հանձնմամբ մենք կթեթևացնենք Կասպից ծովի ավազանի խցանումը»,– ասել է թուրք նախարարը հավելելով, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում հատվածի մի մասի շինարարությունն արդեն իսկ ավարտվել է, իսկ մնացածը գտնվում է վերջնական փուլում։

«Մենք մրցույթ անցկացրեցինք Կարսից մինչև Դիլուջու (Թուրքիայի սահմանային անցակետ) 224 կիլոմետրանոց երկաթուղային նախագծի համար։ Նախիջևանում գտնվող հատվածի մի մասն արդեն ավարտված է, իսկ մյուս հատվածը կառուցվում է Ադրբեջանի կողմից և գրեթե պատրաստ է»,–ասել է Աբդուլքադիր Ուրալօղլուն:

Նախկինում էլ տրանսպորտի նախարարը հայտնել էր, որ Կարսից մինչև Նախիջևան երկաթուղու շահագործման հանձնվելուց հետո հնարավոր կլինի տարեկան տեղափոխել մոտ 5 միլիոն մարդ և 15 միլիոն տոննա բեռ։ Նախագծի արժեքը գնահատվում է 2.4 միլիարդ եվրո։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am



Leave a Comment