Այսօր տեղի ունեցած դատական նիստից հետո լրագրողները «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, ազգային բարերար Սամվել Կարապետյանին դիմեցին՝ խնդրելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե իբր Ռուսաստանն է ուղղորդում իրեն՝ Սամվել Կարապետյանին. «Ռուսաստանը ուղղորդում է միայն Փաշինյանին, ինձ հայ ժողովուրդն է ուղղորդում»:
Սամվել Կարապետյանին դիմեցին՝ խնդրելով մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ եթե ընտրություններում հաղթանակ տանի ոչ թե գործող իշխանությունը, այլ ընդդիմությունը, կարող է պատերազմ սկսվել։ Կարապետյանը կարճ ու կտրուկ արձագանքեց այդ պնդմանը՝ նշելով, որ նման հայտարարություններ անող մարդը բուժման կարիք ունի. «Ինքը բուժման կարիք ունի»:
Սամվել Կարապետյանը մեկնաբանել է իր նկատմամբ կիրառված տնային կալանքի երկարաձգման որոշումը՝ նշելով, որ նման քայլը կանխատեսելի էր գործող իշխանություններից։
Լրագրողների հետ զրույցում նա ընդգծել է, որ այդ որոշումը պայմանավորված է քաղաքական պատճառներով։ Կարապետյանի կարծիքով՝ իշխանությունները նպատակ ունեն սահմանափակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գործունեությունը, սակայն վստահեցրել է, որ դա չի հաջողվի։
Նրա խոսքով՝ փորձում են նաև խոչընդոտել իր անձնական մասնակցությունը ընտրական գործընթացներին։ Միաժամանակ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ ստեղծված իրավիճակը չի ազդի վերջնական արդյունքի վրա։ Նա ընդգծել է, որ իրենց հաղթանակի հավանականությունը գնահատում են առավելագույն՝ 100 տոկոս։