16 ապրիլի 2026 – 18:23 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է 26,000 տոննա բեռ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը՝ Զանգիլան քաղաքում անցկացված Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստի ընթացքում։
«Ինչպես գիտեք, Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ և որպես բարի կամքի դրսևորում՝ վերացվել են բեռների փոխադրման սահմանափակումները Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարբեր ուղղություններից, այդ թվում՝ Ռուսաստանից»,-ասել է նա, հայտնում է APA-ն:
Նա ընդգծել է, որ այս քայլը նպաստել է տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, կապերի զարգացմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտներում փոխգործակցության խորացմանը։
Փոխվարչապետի խոսքով՝ այս պահին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրմամբ հասցվել է մոտ 26 հազար տոննա բեռ։
Նրա խոսքով՝ տեղափոխված բեռների հիմնական մասը կազմել են ցորենը և պարարտանյութերը։
Ավելի վաղ ՀՀ ՊԵԿ-ը հերքել էր ադրբեջանական մամուլի հրապարակումները՝ նշելով, որ Հայաստանից Ադրբեջան արտահանման որևէ դեպք չի եղել։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, գրել են, թե այս տարվա մարտին Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից։ Ըստ այդ հրապարակումների՝ ներմուծման ծավալը կազմել է ընդամենը 960 դոլար։