Holiday Inn-ը պաշտոնապես Ծաղկաձորում է: 4A և «Public Capital» ընկերությունների խմբի հիմնադրի և «InterContinental Hotels Group»-ի տարածաշրջանային զարգացման տնօրենի միջև ստորագրեց համագործակցության հուշագիր, որն ազդարարեց Ծաղկաձորում ներդրումային նոր նախագծի մեկնարկը:
«2018թ․-ից «InterContinental Hotels Group»-ը Հայաստանում է։ Քանի որ Ծաղկաձորում միջազգային բրենդերն այդքան էլ շատ չեն, մեզ համար կարևոր էր ընկերության ընդլայնումը նաև այդ տարածաշրջանում: Տեղանքը գեղեցիկ է և մոտ Երևանին, որոշեցինք այս գործընկերությամբ իրականացնել այս նախաձեռնությունը, որն ամբողջովին պատրաստ կլինի 2029 թվականի դեկտեմբերին»,-BlogNews-ի հետ զրույցում ասաց «InterContinental Hotels Group»-ի տարածաշրջանային զարգացման տնօրեն Քրիստին Թորսթայնսդոթիրը։

Նախագիծը բազմաֆունկցիոնալ համալիր է, որտեղ համադրվում են հյուրանոցային ծառայությունները, բնակելի տարածքներն ու բիզնես միջավայրը։ Այն ներառում է 70 հյուրանոցային համար, գրեթե 300 ապարտամենտ, որոնք հասանելի են ինչպես վաճառքի, այնպես էլ կառավարման համար։ Համալիրում նախատեսված են հանգստի և առողջության պահպանման գոտիներ, ինչպես նաև սննդի բազմազան առաջարկ ապահովող ռեստորանային հատվածներ։ Բացի այդ, տարածքում գործելու են գրասենյակներ, կինոթատրոն, 3,000 հոգու համար նախատեսված դահլիճ և առևտրային կենտրոն՝ ձևավորելով մեկ ամբողջական համալիր։
Նախաձեռնությունը միավորում է միջազգային փորձը և տեղական զարգացման ներուժը՝ ստեղծելով որ միայն նոր որակի միջավայր զբոսաշրջության համար, այլ նաև բիզնեսի և ներդրումների համար՝ նպաստելով երկրի կայուն զարգացմանը։
«Սա նոր ֆինանսական պրոդուկտ է, ներդրումներ կատարելու և ձևավորելու համապատասխան եկամուտներ, գրագետ մշակված ֆինանսական մոդելների հիման վրա: Քաղաքի համար սա նաև զարգացման նոր հեռանկար է ստեղծում։ Իսկ Հայաստանի համար առհասարակ աշխարհի համաշխարհային տուրիզմի քարտեզի վրա ևս մեր վարկանիշը բարձրացնելու միջոց է սա»,-ասաց City Nest ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Պետրոսյանը։

Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի խորհրդի նախագահ Միքայել Մայրապետյանն էլ նկատում է՝ Ծաղկաձորը ցանկացած եղանակի գրավիչ է, հարմար հանգստի համար, դա ևս մեծացնում է ներդրումների գրավչությունը:

«Տվյալ նախագիծը մարզում է, ստեղծում է էլ ավելի հետաքրքիր հնարավորություններ, որովհետև մարզերը, գիտեք, ավելի միտված են սեզոնայնության, ավելի խիստ, քան մայրաքաղաքը, և տվյալ դեպքում, եթե հնարավոր լինի մեղմել դա՝ նոր տուրիստական հոսքեր բերելով, դիվերսիֆիկացնելով այդ հոսքերը և այդ արդյունքում ստանալ ավելի ստաբիլ միջավայր, դա կբերի էլ ավելի շատ ներդրումներ»,-ասաց Հայաստանի Հյուրանոցների ասոցիացիայի խորհրդի նախագահ Միքայել Մայրապետյանը։
Նախագիծը, նշում են, 2024 թվականին մեկնարկած «Mövenpick Resort Tsaghkadzor»-ի զարգացման շարունակությունն է և այս համատեքստում «Holiday Inn»-ի մուտքը ոչ միայն առանձին ներդրում է, այլև մաս է կազմում ավելի լայն զարգացման ռազմավարության: Մշակված նախագիծը ստրատա մոդելի ներդրումային նոր հորիզոն է բացում Հայաստանում, որտեղ մարդիկ կարող են ձեռք բերել գույք և աշխատել պասիվ եկամուտ: Նախավաճառքն արդեն բաց է:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: