Դավիթ Մինասյանի գործը քննող ստորաբաժանման նոր պետ է նշանակվել – armeniatoday.am

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական ստորաբաժանման երրորդ բաժնի պետ է նշանակվել Դավիթ Սարոյանը՝ փոխարինելով Դավիթ Կիրակոսյանին, որն իրականացնում էր Սուրբ Աննա եկեղեցու միջադեպով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանի գործի քննությունը։

Սարոյանը 34 տարեկան է, ունի իրավագիտության մագիստրոսի կոչում։ Իր մասնագիտական ուղին սկսել է 2010 թվականին՝ ոստիկանության համակարգում, իսկ 2014-ից անցել է աշխատանքի Քննչական կոմիտեում։ Մինչ այս նշանակումը նա զբաղեցրել է պաշտոններ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում և Շենգավիթի քննչական բաժնում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիրակոսյանը, ում վարույթում էր գտնվում 18-ամյա դպրոցական  Մինասյանի քրեական գործը, պաշտոնից ազատվել է։ Պատճառները հայտնի չեն։

Մինասյանի և Փաշինյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել մարտի 29-ին պատարագի ընթացքում։ Ըստ տեսանյութերի՝ նա Փաշինյանին ասել էր, որ «ինքն ուզում է մեջտեղում կանգնել»։ Արդյունքում՝ քաշքշոց էր սկսվել։ Տեսանյութերից մեկում բարձրացված ձեռք էր երևում, իշխանական շրջանակները հայտարարել էին, որ այն ուղղված էր վարչապետին։ Մինասյանի փաստաբաններն ավելի ուշ տեսանյութ էին հրապարակել, ուր երևում էր, թե ինչպես է Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը հարվածում տղային։

Դեպքի առնչությամբ ձերբակալվել էին Մինասյանը, իր երկվորյակ եղբայրը՝ Միքայել Մինասյանը, և «Համահայկական ճակատ» շարժման հիմնադիր Գևորգ Գևորգյանը, վերջիններիս ազատ էին արձակել՝ գրավի ու բացակայելու արգելքի հիմքով։ Դավիթ Մինասյանին 2 ամսով կալանավորելու որոշում էր կայացվել, նրան ավելի ուշ հիվանդանոց էին տեղափոխել։

Մինասյանի գործը քննող 2 քննիչները՝ Հակոբ Հակոբկոխյանը և Կիրակոսյանն աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել։ Ապրիլի 10-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մերժել էր Մինասյանի կալանքը փոխելու պաշտպանների միջնորդությունը։

Leave a Comment