Հունգարիան «միավորելու է Եվրոպան», իսկ ի՞նչ ազդեցություն է թողնելու Վաշինգտոն

Ավելի քան մեկ ամիս առաջ, դատելով ըստ փորձագիտական իշխող գնահատականի, տպավորություն էինք փոխանցել, թե Հունգարիայի ընտրողները նախապատվությունը կտան «կանխատեսելի կայունությանը» և կքվեարկեն հօգուտ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության:

Բայց երբ արևմտյան առաջատար լրատվամիջոցները գրեցին, որ Օրբանի նախընտրական վերջին հանրահավաքին մարդիկ պարզել են «Ռուսներ, վերադարձեք տուն» գրությամբ ցուցապաստառներ, որ հիշեցնում էին 1956թ. հակախորհրդային ապստամբությունը, պարզ դարձավ, որ Հունգարիայի գործող վարչապետին չի օգնի նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բուդապեշտ այցը:

Ապրիլի 12-ին հունգարացի ընտրողների մեծամասնության քվեով փակվեց Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանության դարաշրջանը: «Հունգարիան ընտրեց Եվրոպան, Եվրոպան միշտ է ընտրել Հունգարիան»,- ընդդիմության հաղթանակի առթիվ սոցցանցային գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Պետեր Մագյարին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, իսկ Գերմանիայի կանցլեր Մերցը գրել է, որ «անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին՝ հանուն առաջին հերթին միասնական Եվրոպայի»:

Վիկտոր Օրբանին հիշում են որպես Վլադիմիր Պուտինի «մկան» և Դոնալդ Թրամփի «լավ տղայի», որ մանավանդ վերջին տարում ԵՎրահանձնաժողովին բազմաթիվ «անակնկալներ է մատուցել»՝ այդ թվում նաև Հայաստանին ռազմական օգնության հարցում: Բայց Օրբանի ամենաէպատաժային հայտարարությունը, թերևս, այն է, որ «թուրքական աշխարհը Դանուբից ձգվում է մինչև Չինաստան»:

Այո, Վիկտոր Օրբանի իշխանության օրոք Հունգարիան որպես դիտորդ անդամակցել է Թուրքական պետությունների կազմակերպությանը: Նոր իշխանությունները կվերանայե՞ն Օրբանի որոշումը, Հունգարիան կլքի՞ ԹՊԿ-ն, թե՞, ընդհակառակը, ավելի կսերտացնի թուրքախոս պետությունների հետ կապերը:

Խնդիրը բոլորովին այն չէ, որ ԹՊԿ-ն Հայաստանին «թշնամի կառույց» է, այլ՝ թե Եվրամիությունը Հունգարիան դիտարկելու է՞ որպես Թուրքիայի և թուրքախոս պետությունների հետ «կապող օղակ»:

Երկրորդ և, գուցե, ավելի կարեւոր հարցն այն է, թե Օրբանի պարտությունը ի՞նչ ազդեցություն կթողնի ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունների վրա: Բուդապեշտում Ջեյ Դի Վենսը խստագույն քննադատության է ենթարկել «եվրաբյուրոկրատներին, որ ցանկանում են փլուզել Հունգարիայի տնտեսությունը»:

Եթե Հունգարիան, ինչպես Գերմանիայի կանցլեր Մերցն է ձևակերպել, «միավորելու է Եվրոպան», ապա դա ի՞նչ ազդեցություն է թողնելու Վաշինգտոն – Բրյուսել հարաբերությունների վրա:

Ի վերջո, Օրբանի պարտությունը կարելի է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական հաղթանակ: Խոսքը ոչ միայն Եվրամիության աջակցության վերականգնման մեծ հավանականության մասին է: Մանավանդ վերջին երկու շաբաթներին Ռուսաստանը Ուկրաինայի նախագահին մի քանի անգամ Հունգարիայում «մայդան կազմակերպելու» մեղադրանք է ներկայացրել: Հունգարիայի ընդդիմության համոզիչ հաղթանակը, որ առաջինը Վիկտոր Օրբանն է ճանաչել, ցրում է կրեմլյան քարոզչության «ամենակարողության» վարկածը:

Քաղաքական զարգացումների կանխատեսումը մանավանդ արդի համաշխարհային տուրբուլենտության պայմաններում, իհարկե, անշնորհակալ գործ է: Հունգարիայի նոր կառավարությունը դեռևս ձևավորված չէ, նրա ծրագիրը հայտնի է միայն ընդհանուր գծերով՝ պայքար կոռուպցիայի դեմ և վերադարձ եվրոպական արժեհամակարգին: ԻՆչպե՞ս է դա իրականացվելու: Վիկտոր Օրբանը պատասխանատվությա՞ն է ենթարկվելու, Բրյուսելը նրանից «վրեժխնդի՞ր է լինելու», թե՞ բավարարվելու է Պետեր Մաջյարի հաղթանակով:

Leave a Comment