Ավինյանը 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթի հանձնարարական է տվել – armeniatoday.am

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր 170 նոր ավտոբուսի ձեռքբերման մրցույթի հանձնարարական է տվել։ Քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ուղիղ հեռարձակումը՝ Armenia TodayYoutube-ի ալիքում։

Ավինյանն այդ հանձնարարականը տրել է տրանսպորտի ուղեվարձերի վերահսկողական մեխանիզմների կիրառման ֆոնին։ Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում խստացումների արդյունքում ուղեվարձի վճարումները քաղաքացիների կողմից ավելացել են։

«Նախորդ շաբաթվա տվյալներով՝ վալիդացիաների քանակը ավելացել է 15-30%-ով՝ կախված օրերից։ Հաշվի առնելով, որ հանրային տրանսպորտում վճարումների ավելացման հնարավորություն ունենք, տրանսպորտի վարչությանը խնդրում եմ նախապատրաստել նոր մրցույթ։ Նախնական 150 ավտոբուսի մասին էինք խոսում, բայց եկեք հայտարարենք 170 ավտոբուսի ձեռքբերման մրցույթ»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ նոր ավտոբուսները պետք է փոխարինեն Higer և «Գազել» մակնիշի հին ավտոմեքենաներին։ Քաղաքապետը նշել է, որ մրցույթը կանցկացվի առանց նախապես ֆինանսական միջոցների տրամադրման՝ կախված հավաքագրված վճարներից։

Ըստ Ավինյանի՝ չվճարողների նկատմամբ խստացումներն անհրաժեշտ են, քանի որ համակարգում շաբաթական մինչև 70-80 մլն դրամի ոչ վճարումներ են արձանագրվում, ինչը համարժեք է երկու նոր ավտոբուսի արժեքին։ Նա շեշտել է, որ անցած շաբաթ հավաքագրել են մոտավորապես երեք նոր ավտոբուսի գնման համարժեք գումար։

Ավինյանը միևնույն ժամանակ տեղեկացրել է խստացումների ֆոնին ավտոբուսների վարորդների նկատմամբ ոտնձգության մի քանի դեպքի մասին։ Դրանցից մեկով, նրա խոսքով, երեք ձերբակալված կա: Քաղաքապետը, սակայն, չի մանրամասնել թե որ դեպքի մասին է խոսքը։

«Վարորդի նկատմամբ ոտնձգությունը ոտնձգություն է ամբողջ համակարգի նկատմամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքապետարանը կանգնած է վարորդների կողքին։

Ավինյանը քաղաքացիներին կոչ է արել աջակցել վարորդներին և պահպանել վճարման կարգապահությունը՝ ընդգծելով, որ համակարգի բարելավումը կախված է նաև ուղևորների պատասխանատվությունից։

Մարտի 20-ին Երևանում ծեծի էին ենթարկվել 46 համարի երթուղին սպասարկող վարորդին և վնասվածքներով տեղափոխել հիվանդանոց։

Leave a Comment