Երուսաղեմի Տիրոջ Հարության տաճարում տեղի է ունեցել Սուրբ Կրակի իջեցման արարողություն

Սուրբ կրակը իջել է Երուսաղեմի Սուրբ Գերեզմանի տաճարում Սուրբ շաբաթ օրը՝ Սուրբ Զատկի նախօրեին, հայտնել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Արարողությունն ավանդաբար տեղի է ունենում Սուրբ Գերեզմանի եկեղեցու կենտրոնում գտնվող մատուռում, որն ամփոփում է Սուրբ Գերեզմանի քարանձավը։ Այնտեղ է գտնվում քրիստոնյաների կողմից հատկապես մեծարվող սալաքարը, որի տակ, ըստ ավանդույթի, գտնվում էր Հիսուս Քրիստոսի թաղման վայրը։

Սուրբ շաբաթվա ընթացքում Քրիստոսի երկրային կյանքի վերջին ժամերին նվիրված արարողություններ են կատարվել նաև Երուսաղեմի Հին քաղաքի Հայկական թաղամասում, հայտնում է թաղամասի փրկության համար պայքարող շարժումը։

Մասնավորապես, Ավագ Ուրբաթ օրը Հայկական թաղամասի Սուրբ Հակոբ տաճարում տեղի է ունեցել թաղման արարողություն, իսկ Ավագ Հինգշաբթի օրը՝ Քավարանի արարողություն, որի ընթացքում տաճարը լուսավորվել է մեկ մոմով։ Այս արարողությունները նվիրված են Հիսուս Քրիստոսի ձերբակալության, խաչելության և թաղման իրադարձություններին։

Leave a Comment