Կիսանախագահական կառավարում, թոշակների բարձրացում, ուսանողական բանկ, արդար բիզնես․ ՀԱԿ-ը ներկայացրել է առաջարկները

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը հրավիրած ճեպազրույցում խոսել է կուսակցության  առաջարկությունների մասին։ Նա նշել է, որ ընտրական պայքարի մեջ մտնում են որպես խաղաղության, ռացիոնալիզմի, ռազմավարական հաշվարկի, լիարժեք անկախության, պաշտպանության, տեխնոլոգիական հեղափոխության կուսակցություն։

Վերադարձ «կիսանախագահական» կառավարման համակարգին

Նախագահական խորհրդարանական կամ կիսանախագահական համակարգին անցումը կապահովի զսպումների և հակակշռների համակարգ Հայաստանում, նշել է Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ այդ զսպումների և հակակշիռների համակարգը պետք է զարգացնեն, որպեսզի կարողանանք նաև ամբողջ արդարադատական համակարգը, քննչական ապարատը, դատարանները, դատախազությունը ազատել գործադիր իշխանության վերահսկողությունից։ Նա առաջարկել էստեղծել անկախ գործող համակարգ, որպեսզի իշխանություններն էլ միշտ վախենան, որ իրենք գտնվում են վերահսկողության ներքո և պարտավոր են միշտ հետևել օրենքին և սահմանադրության պահանջների կատարմանը։

Արդար բիզնես միջավայրի կառուցում, անվճար բուհեր, թոշակների բարձրացում

Բիզնես միջավայրի առողջացման ուղղությամբ հաջորդ քայլը լինելու է արդար բիզնես միջավայրի կառուցումը, ինչպես նաև շնորհապետական (մերիտոկրատական) պետական համակարգի ստեղծումը, հայտարարել է Զուրաբյանը։
Դա այն հասարակական կարգն է, որտեղ մարդիկ նշանակվում են պաշտոնների ըստ իրենց արժանիքների։ Նա հիշեցրել է, որ 2008-2012 թվականին, դա կուսակցության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հեղինակային բառն էր, մերիտոկրատիան նա հայերեն թարգմանել էր որպես շնորհապետություն։ «Այդ պահից սկսած միշտ մեր ծրագրերի մեջ շնորապետական համակարգ կա ու մնալու է։ Ի՞նչ ենք մենք առաջարկում ըստ էության, երեք մեծ կատեգորիաների մարդկանց համար, դրանք աշխատողներն են, ուսանողները և թոշակառուները։ Աշխատող մարդկանց համար բիզնես միջավայր, բարելավում և այլն։

Ուսանողների համար մենք ըստ էության մտցնելու ենք անվճար կրթություն բարձրագույն։ Մենք հանդես ենք գալու պետական ուսանողական բանկի ստեղծման գաղափարով, որը թույլ է տալու երկարաժամկետ վարկեր տալ բոլոր ուսանողներին, որպեսզի իրենք կարողանան չունենալով այդ գումարները, այնուամենայնիվ ստանալ կրթությունը, իսկ հետո ապագայում աշխատանքի ընդունվելով, ասենք, երկարաժամկետ մի հեռանկարում, վերադարձնել։

Ի՞նչ ենք ուզում առաջարկել թոշակառուներին։ Առաջին օրը, երբ որ մենք գանք իշխանության, մենք անելու ենք հետևյալ քայլը։ Մենք նախաձեռնելու պատշաճ օրենսդրական գործընթաց, որով մեր թոշակառուների թոշակները ևս 10 000 դրամով կբարձրանան»,- թվարկել է Զուրաբյանը։

Նա պարզաբանել է, որ բարձրացումն անելու են պատշաճ բյուջետավորման պրոցեսով, հաշվարկել են, որ դա հնարավոր է, որովհետև թոշակները հիմա ավելի դանդաղ են աճում, քան միջին աշխատավարձը և այդ պրոցեսը կարելի է շրջել դարձնել թոշակների աճը համընթաց միջին աշխատավարձի։

Ոչ թե «Զանգեզուրի միջանցք», այլ «Զանգեզուրի հանգույց»

ՀԱԿ փոխնախագահը հայտարարեց, որ TRIPP նախագիծը միայն արևմուտքի՝ Թուրքիայի, Ադրբեջանի համար է, այնինչ պետք է կառուցել «Զանգեզուրի հանգույց», որը կունենա նաև հարավ-հյուսիսյան կոմունիկացիա, որը պետք է Հայաստանը Իրանով կապի Պարսից ծոցին։

«Հիմա մենք տեսնում ենք՝ ինչքան կարևոր է այդ կապը, և նման խաղաղության կառուցումը կստեղծի աշխարհաքաղաքական բալանս և ավելի քիչ խոցելի կդարձնի խաղաղությունը կոնկրետ Հայաստանի շուրջ և կապահովի Հայաստանի անկախ կոմունիկացիաները դեպի Ծոց՝ շրջանցելով Ադրբեջանը և Թուրքիան։

«Սա մեր մոդելն է, մենք սա կոչում ենք ինքնիշխան խաղաղության մոդել, դա միակն է, որ աշխատելու է»,- նշել է նա։

2025 թվականի ավարտին կուսակցությունը հայտարարել էր, որ գործադիր վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին վարչապետի թեկնածու կառաջադրեն։ ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը նշել էր, որ մասնակցության և թեկնածուի որոշումները կայացրել են միաձայն՝ կուսակցության վարչության նիստում։

Զուրաբյանը ներկայացրել էր կուսակցության նախընտրական ծրագիրը, որով նախատեսում են չեղարկել գործող իշխանությունների մի շարք ծրագրեր, որոնց թվում է «Ակադեմիական քաղաքը», խորհրդարանական համակարգը, կարևորել էր անվտանգ ու խաղաղ երկիր ունենալու անհրաժեշտությունը։

Leave a Comment