Իրանը Հայաստանի համար ունի բացառիկ տարանցիկ նշանակություն, որի տարածքով անցնում է երկրի արտաքին առևտրաշրջանառության շոշափելի մասը։ Այս իրավիճակում ռազմական գործողությունների սրացումը կամ Իրանի տարածքով անցնող տրանսպորտային ենթակառուցվածքների խափանումը կարող են խաթարել Հայաստանի առևտրային հոսքերը և առաջացնել զգալի տնտեսական ռիսկեր։
Հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների, Հայաստան ներմուծվող երկաթից ձողերի, նավթային բիտումի, ցեմենտի դեպքում։
Նման եզրահանգման է եկել ACSES վերլուծական կենտրոնը՝ ուսումնասիրելով, թե ինչպես կարող են ռազմական գործողություններն Իրանում ազդել Հայաստանի առևտրային հոսքերի վրա։
Գազ, երկաթե ձողեր, չինական ավտոմեքենաներ. ներմուծումը Իրանի տարածքով
ACSES-ի վերլուծաբանների հաշվարկներով՝ 2025 թվականին Հայաստանը ներմուծել է 13 միլիարդ դոլարի ապրանք, որի 11%-ը իրականացվել է Մեղրիի անցակետով (հայ-իրանական սահմանին գտնվող «Ագարակ» սահմանային անցակետ)։
Ընդ որում՝ հայ-իրանական սահմանով ոչ միայն իրանական ապրանքներն են մտնում Հայաստան, այլև՝ երրորդ երկրների, մեծ մասամբ՝ Չինաստանի, ոչ մեծ չափով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)։
Ընդհանուր առմամբ, ըստ հետազոտության, 2025 թվականին Իրանի տարածքով Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկը գլխավորում է գազը` 101 մլն դոլարի չափով: 2009 թվականից Հայաստանն Իրանի հետ համագործակցում է էլեկտրաէներգիայի փոխանակման սկզբունքով` տալիս ենք էլեկտրաէներգիա, ստանում՝ գազ: Հայաստանը 1 խմ գազի դիմաց Իրանին տալիս է 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Ծրագրի ժամկետները պարբերաբար երկարացվում են։
Մեղրիի անցակետով ներմուծվող հաջորդ խոշոր ապրանքատեսակը շինարարության մեջ օգտագործվող երկաթից ձողերն են (ատամնավոր ամրաններ)՝ 68 մլն դոլարի չափով:
Երրորդ խոշոր ապրանքը մարդատար ավտոմեքենաներն են, որոնք արտադրվել են Չինաստանում։ 2025 թվականին Մեղրիի անցակետով Հայաստան է ներմուծվել 3578 մեքենա՝ 57 մլն դոլար արժեքով:
Մեղրիի անցակետով Հայաստան է ներմուծվում նաև նավթային բիտում, նավթամթերք, պողպատե գլանվածքներ, անվադողեր, ցեմենտ, ծխախոտի հումք և այլն։ Ինչպես ավելի վաղ գրել ենք, ավելի փոքր ծավալներով ներմուծվում են նաև լոլիկ, կարագ, ցիտրուսային պտուղներ, բանջարեղեն։
Ըստ կենտրոնի վերլուծության՝ կան Հայաստան ներմուծվող ապրանքներ, որոնց առյուծի բաժինը գալիս է Իրանից։ 2025 թվականին Հայաստան ներմուծված երկաթից ձողերի 89.1%-ը, նավթային բիտումը գրեթե ամբողջությամբ, ցեմենտի 88.4%-ը և թրծված մոլիբդենի խտանյութի 97.7%-ը ներմուծվել են Մեղրիի սահմանային անցակետով։
Հետևաբար, եթե հայ-իրանական սահմանով առևտուրը դադարեցվի կամ հոսքերը կրճատվեն, դեֆիցիտ կամ գնաճ չլինելու համար Հայաստանը ստիպված կլինի որոնել այլընտրանքային ուղիներ՝ արտաքին աշխարհի հետ հաղորդակցությունը պահպանելու համար։
«Տրանսպորտային ընկերությունների հետ իրականացված խորքային հարցազրույցները ցույց են տալիս, որ ապրիլի սկզբի դրությամբ մատակարարումների և արտահանման խափանումներ չեն արձանագրվել։ Սակայն նկատվում է տրանսպորտային ծախսերի որոշակի աճ, հատկապես այն դեպքերում, երբ երթուղիները անցնում են ակտիվ ռազմական գործողությունների գոտիներով»,- նշված է վերլուծության մեջ։
Սիգարետներ, էլեկտրաէներգիա. 2025 թվականին Հայաստանի արտահանման 6%-ը անցել է Մեղրիի անցակետով
2025 թվականին Հայաստանն արտահանել է 8.4 մլրդ դոլարի ապրանքներ, որի 6%-ը՝ Մեղրիի անցակետով։
Ուշագրավ է, որ հայ-իրանական սահմանով Հայաստանից արտահանվող ապրանքների միայն 17%-ն է ուղղվում անմիջապես Իրան։ Այսինքն՝ Իրանով անցնող հայկական ապրանքների մեծ մասի հասցեատերը ոչ թե Իրանն է, այլ՝ երրորդ երկրները։ Խոսքը հիմնականում Իրաքի մասին է, որոշակիորեն նաև ԱՄԷ-ի։
Արտահանվող ապրանքների կառուցվածքն էլ բավականին սահմանափակ է։
Իրանի տարածքով Իրաք հիմնականում արտահանվում են սիգարետներ։ ԱՄԷ արտահանման դեպքում ևս գերակշռում են սիգարետները։ 2025 թվականին Հայաստանը հայ-իրանական սահմանով արտահանել կամ վերաարտահանել է 338 միլիոն դոլարի սիգարետ։
Այսինքն՝ հայ-իրանական սահմանի նշանակությունը համեմատաբար մեծ է Հայաստանից արտահանվող սիգարետների դեպքում։
Ինչ վերաբերում է այն ապրանքներին, որոնք հենց Իրանի համար են նախատեսված, ապա այստեղ առանցքային նշանակություն ունի էլեկտրաէներգիան (75 մլն դոլար)։ Դա, ինչպես նշվեց վերևում, իրականացվում է «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը ձեռք են բերել երկշաբաթյա հրադադարի համաձայնություն։
Գլխավոր լուսանկարում՝ բեռնափոխադրող մեքենան՝ հայ-իրանական սահմանին, Նարեկ Ալեքսանյան, hetq.am
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter