10 ապրիլի 2026 – 14:54 AMT
PanARMENIAN.Net – Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանվել Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիստների կողմից «խորհրդային ժողովրդի ցեղասպանությունը» ժխտելու կամ արդարացնելու, ինչպես նաև դրա զոհերի հիշատակը վիրավորելու համար։ Փաստաթուղթն ապրիլի 9-ին, հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում։
Փոփոխություններ են կատարվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 354.1-րդ հոդվածում, որը վերաբերում է «նացիզմի վերականգնմանը»։ «Խորհրդային ժողովրդի ցեղասպանության փաստը ժխտելը» կամ այն արդարացնելը, ինչպես նաև այդ հանցագործության զոհերի հիշատակը վիրավորելը նախատեսում է մինչև 3 մլն ռուբլու տուգանք, հարկադիր աշխատանքներ կամ մինչև երեք տարի ժամկետով ազատազրկում, հայտնում է Deutsche Welle-ն:
Բացի այդ, լրացվել է Քրեական օրենսգրքի 243.4-րդ հոդվածը՝ «զինվորական թաղումների պղծում» ձևակերպմամբ։ Ռուսաստանի տարածքում կամ դրա սահմաններից դուրս գտնվող «խորհրդային ժողովրդի ցեղասպանության» զոհերի շիրիմների «ոչնչացման, վնասման կամ պղծման» , ինչպես նաև նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանների, սյունակոթողների, կոթողների, այլ հուշակառույցների կամ օբյեկտների պղծման համար նախատեսում է 2-5 միլիոն ռուբլու տուգանք, մինչև հինգ տարի ժամկետով հարկադիր աշխատանքներ կամ նույն ժամկետով ազատազրկում։
«Խորհրդային ժողովրդի ցեղասպանություն» հասկացությունը Ռուսաստանում ամրագրվել է նույնանուն օրենքով, որն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Ըստ այդ օրենքի՝ ցեղասպանություն են ճանաչվում «նացիստների և նրանց համագործակիցների գործողությունները Հայրենական մեծ պատերազմի 1941–1945 թվականների ընթացքում, որոնք ուղղված են եղել ԽՍՀՄ տարածքում բնակվող ազգային, էթնիկ և ռասայական խմբերի ամբողջական կամ մասնակի ոչնչացմանը»։
Ռուսաստանում նախատեսված է պատիժ ԽՍՀՄ-ն ու նացիստական Գերմանիան համեմատելու համար
2022 թվականի ապրիլին Պուտինը ստորագրել է օրենք, որով վարչական պատասխանատվություն է սահմանվել ԽՍՀՄ-ի եւ նացիստական Գերմանիայի նպատակներն ու գործողությունները «հրապարակային նույնացնելու», ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ-ի «վճռորոշ դերը» և «հումանիտար առաքելությունը» ժխտելու համար։
Խախտողներին սպառնում է 1000-2000 ռուբլու տուգանք կամ մինչև 15 օր վարչական կալանք։ Պաշտոնատար անձանց համար տուգանքը կազմում է 2000-4000 ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 10, 000-ից 50,000։ Կրկնակի խախտման դեպքում քաղաքացիների համար տուգանքները բարձրացվել են մինչև 5000, պաշտոնատար անձանց համար՝ մինչև 20,000, իրավաբանական անձանց համար՝ մինչև 100,000 ռուբլի։ Բացի այդ, պաշտոնատար անձանց սպառնում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով որակազրկում, իսկ իրավաբանական անձանց՝ մինչև 90 օր ժամկետով գործունեության վարչական կասեցում։
Մարտի 31-ին ՌԴ Պետական դուման ընդունել էր օրենքը երկրորդ և երրորդ ընթերցումներով։