Հայաստանը գտնվում է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայնտել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Վերջին 2 օրերին բավականին առատ տեղումներ են գրանցվել։ Ունենք հատվածներ, երբ երկու օրվա ընթացքում արդեն թափվել է ապրիլի տեղումների քանակի 50–60 տոկոսի չափ տեղում։
Ձյան ծածկը այսօրվա դրությամբ բավականին բարձր է հանրապետության տարածքում։ Ձյան ծածկ ունենք նույնիսկ Լոռու ու Տավուշի մարզերում, և այս պահին էլ ձյուն է տեղում։ Ձյուն է տեղում Լոռիում, Տավուշում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքի առանձին հատվածներում»,- ասաց Սուրենյանը։
Սուրենյանի գնահատմամբ՝ ցածր ջերմաստիճանով պայմանավորված ունեցել ենք ուշ ծաղկում, իսկ ուշ ծաղկման դեպքում նվազում է ցրտահարության ռիսկը։
Ցիկլոնը Հայաստանի վրա պտտվելու է մինչև ապրիլի 13-ը ներառյալ։ Այսինքն՝ մինչև ապրիլի 13-ը ներառյալ հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ տեղումները շարունակվելու են։ Տեղումները կրկին Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային հատվածներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում դիտվելու են ձյան տեսքով։
Առանձին օրերին, մասնավորապես՝ ապրիլի 12–13-ին, տեղումները կլինեն զգալի, կուղեկցվեն ամպրոպներով և քամու ուժգնությամբ։ Հանրապետության լեռնային հատվածներում սպասվում է բուք՝ ցածր հորիզոնական տեսանելիությամբ։
Սուրենյանի խոսքով՝ ապրիլի 14-ից սկսած այս ցիկլոնը աստիճանաբար դուրս կգա Հայաստանի տարածքից, և ապրիլի 14-ից 17-ը ընկած ժամանակահատվածում կունենանք օդերևութաբանական պայմանների շրջադարձային փոփոխություն։ Փոփոխությունն այն կլինի, որ հյուսիսարևելյան ցուրտ օդային հոսանքները կնահանջեն, և ապրիլի 15-ից իրենց տեղը կզիջեն տաք օդային հոսանքներին, որոնք իրենց հետ կբերեն օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում։