Քաղաքակրթությունն ու բարբարոսությունը` ժամանակակից պատմական դիսկուրսում

Ռուս-հայկական համալսարանում մեկնարկեց «Քաղաքակրթությունն ու բարբարոսությունը ժամանակակից պատմական դիսկուրսում» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովի նպատակն է քննադատորեն վերաիմաստավորել «քաղաքակրթությունն ընդդեմ բարբարոսության» հակադրությունը, դրանց պատմական փոխակերպումներն ու դրսևորումները քաղաքական, սոցիալական և մշակութային տարբեր համատեքստերում։

Զեկուցման շրջանակներում «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն, պ․գ․թ․, դոցենտ Ռոբերտ Ղազարյանն անդրադարձավ խեթական քաղաքակրթության և բարբարոսների փոխհարաբերություններին՝ ընդգծելով, որ հին աշխարհի ուսումնասիրություններում «քաղաքակրթություն և բարբարոսություն» թեման ներառում է ոչ միայն հասարակությունների դասակարգումն, այլև՝ քաղաքական, գաղափարական և մշակութային մեխանիզմների վերլուծությունը, որոնց միջոցով էլ սահմանվել են «քաղաքակիրթ» և «բարբարոսական» սահմանները։

-Հին և Մերձավոր Արևելքի պատմագրության մեջ այս բնորոշ պատկերը հաճախ կատարել է իշխանության լեգիտիմացման, ռեսուրսների մոբիլիզացման ու հավաքական ինքնության կառուցման գործառույթ,- նշեց հիմնադրամի տնօրենը։

«Թաթար-մոնղոլական ժամանակաշրջանը հայ պատմագրության մեջ․ ռուսական և խորհրդային նարրատիվներն ու «բարբարոսության» դիսկուրսը՝ որպես անցյալի մեկնաբանման գործիք» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ պ․գ․թ․, դոցենտ, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Գոռ Մարգարյանը։

-Ռուսական, իսկ հետագայում՝ խորհրդային պատմագրական ազդեցության խնդիրը՝ որպես ազգային պատմական նարատիվների փոխակերպման մեխանիզմ, մնում է հայ միջնադարյան ուսումնասիրություններից քիչ ուսումնասիրված թեմաներից մեկը։ Հետազոտողները, որպես կանոն, անդրադարձել են աղբյուրների բովանդակությանը՝ մի կողմ թողնելով այն հարցը, թե որքանով են նկարագրության և գնահատման կատեգորիաներն ինքնին ազդվել կամ փոխառվել արտաքին՝ ռուսական պատմագրական ավանդույթից,- ասաց վերլուծաբանը։

-1918-1920 թթ․ Ադրբեջանի սահմանների խնդիրը վերջնականապես ամրագրված չէր միջազգային իրավունքով, և ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը, իրեն հռչակելով 1918-1920 թթ․ պետությունների օրինական իրավահաջորդ, միաժամանակ ապավինել է խորհրդային տարիներին ձևավորված և 1991 թվականից հետո միջազգային հանրության կողմից ճանաչված սահմաններին,-իր ելույթում ընդգծեց «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան, պ․գ․թ․ Անուշ Հարությունյանը։

«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Արմինե Խանպիկյանը ներկայացրեց 1919-1920 թվականներին Փարիզի խաղաղության կոնֆերանսում երիտասարդ և չճանաչված պետությունների ձգտումները՝ հասնելու ոչ միայն դիվանագիտական ճանաչման, այլև՝ ներկայանալու որպես քաղաքակրթության մաս կազմող քաղաքական սուբյեկտներ, իսկ Ադրբեջանի Հանրապետությունն ակտիվորեն փորձում էր ձևավորել սեփական կերպարը միջազգային հարթակում։

Խոսելով 19-րդ դարի արևմտյան, ինչպես նաև ռուսական ճանապարհորդների հուշերում Կովկասի ժողովուրդների՝ որպես բարբարոսների ընկալման մասին, «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Աննա Պալաքյանը նշեց, որ այդ ընկալումը ձևավորվել է հստակ «քաղաքակրթություն-բարբարոսություն» գաղափարական հակադրության շրջանակում․ քննության առնված նյութերում հայերը և վրացիները հիմնականում ներկայացվել են որպես առավել զարգացած, պատմականորեն կայացած քաղաքակրթության կրող ժողովուրդներ, մինչդեռ «մուսուլմանները», մասնավորապես՝ «կովկասյան թաթարները»՝ որպես «վայրենի», «կոպիտ» և «հետամնաց» բնակչություն։

Մինչև 2003 թվականը հետխորհրդային Ադրբեջանի քրեական մշակույթի մասին զեկույցով հանդես եկավ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Լիլիթ Ավագյանը՝ նշելով, երբ պետական ինստիտուտները կորցնում են արդյունավետությունն ու հեղինակությունը, քրեական կառույցները կատարում են պետության գործառույթները։ «Հետխորհրդային շրջանում Ադրբեջանում ձևավորվել է համակարգ, որում ոչ ֆորմալ հաստատությունները դարձել են իշխանության անբաժանելի մասը»,-շեշտեց վերլուծաբանը։

Թուրքիայի կողմից վերջին տարիներին ակտիվորեն կիրառվող «փափուկ ուժի» քաղաքական տարրերից մեկին՝ թուրքական հեռուստասերիալներին ու ֆիլմերին անդրադարձավ «Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Անի Սարուխանյանը՝ ընդգծելով, որ 1990-ականներին թվականներին թուրքական սերիալները կարճ ժամանակահատվածում որպես թուրքական փափուկ ուժի գործիքակազմի մի մաս մեծ հաջողություններ են գրանցել արտերկրում, ստեղծել ժամանակակից Թուրքիայի նոր իմիջը։ «Թուրքական հեռուստասերիալները պատմության խեղաթյուրման և պատմությունը՝ թուրքական տարբերակով ներկայացնելու լավագույն օրինակներից են»,-ընդգծեց վերլուծաբանը։

Եռօրյա գիտաժողովի կազմակերպիչներն են Ռուս-հայկական համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիան և Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանը։

Leave a Comment