Հայաստանը չի պլանավորում կրճատել փոխգործակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ կամ դուրս գալ կազմակերպության կազմից։ Այս մասին Известия պարբերականին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Հայաստանի և ԱՊՀ-ի համագործակցության կրճատում չի նախատեսվում։ Երևանը շատ ուղղություններով հետաքրքրված է ԱՊՀ-ի հետ շփումներով. խոսքը վերաբերում է թե՛ տնտեսական ոլորտին, թե՛, իհարկե, քաղաքական ու հումանիտար բնագավառներին», – նշել է Լեբեդևը։
ԱՊՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ի տարբերություն ԱՊՀ հարթակի, ռազմաքաղաքական ոլորտում և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ հարաբերություններում հայկական կողմն ունի որոշակի «տարակուսանքներ և բարդություններ»։
«Մնացած առումներով, ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, ապա այստեղ հարցեր չկան», – հավելել է նա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ՀԱՊԿ-ի թեման քննարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապրիլի 1-ին կայացած հանդիպման ժամանակ։ Նա հավելել է, որ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման մեջ փոփոխություններ ակնկալելը, մասնավորապես՝ ակտիվ մասնակցությանը վերադառնալու ուղղությամբ, «այս պահին անիրատեսական է»։
