9 ապրիլի 2026 – 16:18 AMT
PanARMENIAN.Net – 2023 թ. սեպտեմբերի 19–20–ը հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված անձանց 8 ընտանիքի կտրամադրվի փոխհատուցում։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:
Որոշմամբ սահմանվել է, որ աջակցությունը կտրամադրվի այն ընտանիքներին, որոնք սեփական միջոցներով և իրենց նախընտրած տարբերակով իրականացրել են շիրմաքարերի համալիրների կամ դրանց բաղադրիչների՝ տապանաքարերի պատրաստումն ու տեղադրումը, հայտնում է Sputnik Արմենիան:
Նախնական հաշվարկներով՝ նախատեսված փոխհատուցման ընդհանուր չափը կազմում է մոտ 10 մլն դրամ։
«Դրամական հատուցում տրամադրելու վերաբերյալ առաջարկը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ եթե անգամ ընտանիքներն իրենց ցանկացած ձևով չբարեկարգեին գերեզմանները, այն պետք է իրականացվեր պետության կողմից և ծախսվեր գրեթե նույն գումարը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ:
Կառավարությունից նաև հայտնել են, որ նախապես այս ընտանիքների համար նախատեսված, սակայն չօգտագործված և պահեստավորված տապանաքարերը տրամադրվելու են նոր հուղարկավորված զինծառայողների շիրիմների բարեկարգման նպատակով։
Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Հարձակման հետևանքով զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 քաղաքացիական անձ, որոնցից 6-ը եղել են անչափահաս։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ էր մնացել, որոնցից 11-ը ևս վերադարձել են ՀՀ, 1-ը՝ մահացել է, 1-ը՝ կալանավորվել։