Իմ հայտարարության մեջ սպառնալիքի էլեմենտ չկա. ես չեմ ասում՝ խոստանում եմ, ասում եմ՝ վախենում եմ, որ այդպես տեղի կունենա։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր այն խոսքերին, որ մինչև տարվա վերջ Սամվել Կարապետյանը կարող է բոմժ դառնալ։
«Կարծում եմ՝ Կարապետյանը, այն խոստումները, որ տվել է Հայաստանից դուրս գտնվող որոշ շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա, ակնհայտ է, որ ինքն իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու։ Եվ ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքն իր ձեռքից վերցվելու է։
Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա միաժամանակ շեշտեց՝ իրենց լավագույն նպատակադրումն է, որ ՀԷՑ-ը դե յուրե արձանագրվի որպես ՀՀ սեփականություն։
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դե ֆակտո պետականացված է, իսկ դե յուրեն էլ շուտով կլինի», – ասաց Փաշինյանը` վստահեցնելով, թե այդ գործընթացը տեղի կունենա «հատկապես Հայաստանի սպառողների պահանջով»։
«Մենք տասնյակ անգամ աշխատանքային կարգով զգուշացրել ենք, որ այսպես չի շարունակվելու։ Դա տևել է տարիներ, ու կայացվել է որոշում։ Հիմա ՀԷՑ-ը ՀՀ կառավարության տիրապետության ներքո է և կշարունակի այդպիսին լինել»,-նշեց Փաշինյանը։