Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ Իսլամաբադում նախատեսվող բանակցություններից առաջ Վաշինգտոնը արդեն խախտել է Իրանի ներկայացրած 10 կետանոց առաջարկի երեք առանցքային դրույթ։
«Խախտվել է հրադադարը Լիբանանում: Իրանի օդային տարածք անօդաչու թռչող սարք է ներթափանցել: Ուրանի հարստացման՝ Իրանի իրավունքը չի ճանաչվում։ Նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցություններն անհիմն են»,- նշել է Ղալիբաֆը։
Իրանի արտգործնախարարն իր հերթին ԱՄՆ-ին հորդորել է որոշում կայացնել՝ պահպանե՞լ հրադադարը, թե՞ Իսրայելի միջոցով շարունակել ռազմական գործողությունները։ Նա նաև խստորեն քննադատել է Իսրայելի հարվածները Լիբանանին՝ ընդգծելով, որ վերջին ժամերին դրանց հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, իսկ վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։
Լիբանանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ հրադադարի պայմանավորվածությունը չի տարածվում այդ երկրի վրա։
«Իրանցիները կարծում են, թե հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, բայց մենք նման բան երբեք չենք խոստացել։ Թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Եթե Իրանը դուրս գա բանակցություններից Լիբանանի պատճառով, դա հիմարություն կլինի, բայց ընտրությունը նրանցն է: Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, հակառակ դեպքում կվերադառնանք պատերազմին։ Նախագահ Թրամփը հայտարարել է պատժամիջոցների թուլացման, տնտեսական գործընկերության և այլնի մասին։ Սակայն դա տեղի չի ունենա, եթե Իրանը չպարտավորվի դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Վենսը։
Բենիամին Նեթանյահուն ևս ընդգծել է, որ ողջունում են ԱՄՆ-Իրան հրադադարը, սակայն վճռական են շարունակել պայքարը լիբանանյան Հըզբոլլահի դեմ։
«Մենք դեռ նպատակներ ունենք: Դրանց կհասնենք կամ գործարքի, կամ պատերազմի միջոցով: Պատրաստ ենք վերսկսել պայքարը ցանկացած պահի։ Այս ընթացքում մեծ հաջողությունների ենք հասել: Իսրայելն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը՝ ավելի թույլ, քան նախկինում։ Հարստացված ուրանն էլ Իրանից դուրս կբերվի կամ խաղաղ միջոցներով, կամ պատերազմով»,- նշել է Նեթանյահուն։